Շտաբի աշխատողներն Արզաքանցյանից պահանջում են իրենց ամբողջական աշխատավարձերը

Այսօր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էին հրավիրել Հայաստանի դեմոկրատական կուսակցության շտաբերի աշխատակիցները՝ պատգամավորի նախկին թեկնածու Տիգրան Արզաքանցյանից (նա առաջադրվել էր Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրացուցակով) պահանջելով վճարել իրենց ամբողջական աշխատավարձերն ու նախընտրական շրջանում կատարված ծախսերը։

Շիրակի մարզում Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն ունեցել է երեք շտաբ, որից երկուսը Գյումրիում, մեկը՝ Արթիկում։ 3 շտաբում, ըստ մամուլի ասուլիսի ներկաների, աշխատել է 400-ից ավելի մարդ։ Ամեն մեկին, ըստ պայմանավորվածության, վարձատրելու էին 125 հազար ՀՀ դրամ։

«Մինչեւ վերջին վայրկյանը ես սպասել եմ, որ մարդկանց աշխատավարձերը տան, դրանից հետո զանգել եմ մարդկանց, ասել եմ, որ ձեր աշխատավարձերը չեն տալիս, դուք ազատ եք, ինչ ուզում եք, արեք, որ հետո ինձ չմեղադրեն»,-ասում է Շիրակի մարզի պատասխանատու Գարիկ Մուրադյանն ու ընդգծում, որ շտաբի աշխատողները չեն աշխատել քվեներ հավաքելու համար։ «Ես իրենց որեւէ ձայնի խոստում չեմ տվել, իմ ժողովուրդը ձայնի համար չի աշխատել, մարդիկ բուկլետ են բաժանել, պլակատ են կպցրել, իրենց են ներկայացրել։ Մարդիկ զրուցել, աշխատել են»,-ասում է նա։ Պատասխանատուն պատմում է, որ իրեն ամեն անգամ խոսք են տվել տրամադրել աշխատանքային պայմանագրերն ու աշխատավարձերը։ «Բայց մարդիկ ոչ պայմանագիր տեսան, ոչ՝ գումարր։ Մինչեւ վերջին օրը սպասել են, որ մարդկանց աշխատավարձ տան, վերջին օրը ընդհանրապես աշխատավարձերի մասին խոսք չի գնացել»,-ասում է Գ․Մուրադյանն ու պատմում, որ 4 մլն 180 հազար դրամ են տվել իրեն՝ 418 վստահված անձանց ամեն մեկին 10-հազարական դրամ վճարելու համար։ «Վստահված անձինք նաեւ եղել են ակտիվիստ, բերել գումարը, այդ մարդկանց աշխատավարձից որոշ մաս եմ տվել, մեկին ամբողջությամբ եմ տվել, մյուսին ընդհանրապես չեմ տվել, մեկին 5 հազար եմ տվել, մյուսին 10 հազար դրամ եմ տվել, որ մարդիկ խաղաղվեն»,-ասում է նա։

Ասուլիսի ընթացքում քաղաքացիները պատմեցին, որ ամեն մեկին խոստացել են վճարել 125 հազարական ՀՀ դրամ աշխատավարձ, որն ամբողջապես մինչեւ հիմա չեն ստացել։

Գյումրու շտաբի աշխատակիցներից Վոլոդյա Կիրակոսյանը պատմում է, որ ինքը եւս համակարգել է շտաբի աշխատանքը, որպես աշխատողներ ընդգրկվել են նաեւ իր ընկերները, սակայն խոստացված գումարն ամբողջապես չեն ստացել։ «Մենք պահանջում ենք մեր հալալ քրտինքով աշխատավարձը։ Նատալյա Ռոտենբերգը (նա Տիգրան Արզաքանցյանի կինն է-հեղինակ) ինքն է այդ պայմանագիրը ստորագրել, ցույց տվել Գարիկին, որի հիման վրա Գարիկը մեզ է խոստացել, որ այդքան է գումարը։ Մարդը օդի միջից չի ասել, մենք էլ համաձայնվել ենք։ Տվյալ աշխատանքը կատարելու համար Երեւան ենք գնացել, մասնակցել իրենց քայլերթերին։ Գյումրիում իրենց լավ ենք ընդունել, ճանապարհել շատ բարձր մակարդակով, պլակատներն ենք կպցրել, ներկայացրել ենք իրենց ծրագիրը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության ծրագիրն ենք ներկայացրել, ջանք ենք թափել գիշեր-ցերեկ։ Խոստանում էին՝ վաղը եկեք Երեւան, ձեր գումարները կտանք ու մինչեւ վերջին պահը մեզ ոչ մի գումար չփոխանցեցին, վերջում մի գումար էին տվել Գարիկին։ Մենք պահանջում ենք մեր օրինական աշխատավարձը, որը Գարիկին չեն տվել։ Մենք վստահ ենք, որ չեն տվել իրեն գումարները»,-ասում է Վ․Կիրակոսյանը։

Գ․Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշում է, որ Գյումրիում Տ․Արզաքանցյանին եւ նրա տիկնոջը դիմավորելու համար մոտ 700 հազար դրամ գումար են ծախսել։ Առաջացել են նաեւ ճանապարհածախսի խնդիրներ, որոնց լուծման համար ինքը բանկից վարկ է վերցրել․ «Ամոթ էլ է ասելը, բայց, իրոք, վարկ եմ վերցրել, որ կարողանամ գոնե մարդկանց խաղաղեցնեմ։ Գալիս էին մեր տուն, ինձնից բան էին պահանջում»,-ասում է նա։

Արտուշ Պետրոսյանը եղել է կենտրոնական շտաբի աշխատող, պատմում է, որ օր ու գիշեր աշխատել են, հանրությանը ներկայացրել Հայաստանի դեմոկրատական կուսակցության ծրագիրը, բուկլետներ բաժանել։
«Մենք աշխատանքը գերակատարել ենք, իրավունք չունի մեր գումարները չվճարելու։ Առավոտից իրիկուն աշխատել ենք, մի վայրկյան չդադարելով, հաց անգամ չենք կերել։ Տեսնայութեր կան, որոնցում մենք կանք։ Գյումրիում իրեն այնպես ենք դիմավորել, որ Նատալյա Ռոտենբերգը իջել էր ֆայտոնից, կսեր՝ ես դաժը մանուկ հասակում սպես երջանիկ չեմ եղել, այ էդ տիպի․․․ 40-ից ավելի աղավնիների ենք թռցրել։ Եթե մենք կաշխատինք, ուրեմն կաշխատինք պատվով, մենք ձայնի համար չենք աշխատել, աշխատել ենք ագիտացիայի համար, որ իրեն մարդիկ ճանաչեն, մենք իրանց հետ պայմանավորվածություն չենք ունեցել, որ պարտադիր իրենց ձայն պտի տամ, էդ իմ սուբյեկտիվ կարծիքն է, գուզե՞մ՝ կուտամ։ Ձայնի համար իրանց հետ հեչ մի խոսակցություն չի եղել»,-ավելացնում է Ա․Պետրոսյանը։

Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀ ամբողջ տարածքում Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ստացել է 5 հազար 20 քվե, որից Շիրակում՝ 280, Արմավիրում՝ 450, Գեղարքունիքում՝ 565, Արագածոտնում՝ 239, Լոռիում՝ 313, Երեւանում՝ 1947, Սյունիքում՝ 172 եւ այլն։

Ասուլիսին ներկա էր նաեւ Արմավիրի մարզային շտաբից Խաչատուր Մարգարյանը։ Նա պատմում է, որ կուսակցության հարցերով զբաղվել է քրոջ որդու խնդրանքով։ «Կուսակցության պահանջները կատարվել են լիարժեք, ունեցել եմ շտաբում 7 աշխատող։ Իմ անձնական մեքենան տրամադրել եմ Դեմոկրատական կուսակցությանը, ինձ ոչ մի բանով չեն աջակցել»,-ասում է նա եւ ավելացնում՝ օրական 5 հազար դրամ ծախսել է շտաբում սնվելու համար, ջուր գնել 1000 դրամի սահմաններում։ Ընտրություններից առաջ իր անձնական ավտոմեքենայով գնացել է ՀՀ տարբեր քաղաքներ, որի դիմաց շատ քիչ է վճարվել։ «Ոչ մի պրոբլեմ չի եղել, ցուցակները ժամանակին տրամադրել եմ։ 1,500 հազար դրամ ծախսվել է, տվել են 900-800 հազար դրամը․ 600 հազար մնացել է տալու»,-ասում է Խ․Մարգարյանն ու նշում, որոշ աշխատողների աշխատավարձեր եւս վճարված չեն։ «Ինձ ասում էին՝ դու ես մեզ խոսք տվել, որ լավ կլինի, դե արի, մեր փողերը տուր»,-նկատի ունենալով աշխատողներին՝ ասում է Խ․Մարգարյանը։

«Ասպարեզը» Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից այս խնդիրների մասով խնդրեց պարզաբանում եւ մեկնաբանություն։ Կուսակցությունից փոխանցին հետեւյալը․ «Դա ընդամենը Տիգրան Արզաքանցյանի հետ է
կապված, իր հետ պետք է կապվեն, իրենք գիտեն դրա մասին»։

Տիգրան Արզաքանցյանի հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց։ Նրա հեռախոսահամարն անհասանելի էր։ Այնուամենայնիվ, «Ասպարեզը» պատրաստ է լսել ու հրապարակել Տիգրան Արզաքանցյանի մեկնաբանությունը։

4-5 օր առաջ շտաբերի աշխատակազմը խնդրի մասին գրավոր հաղորդում է տվել ՀՀ գլխավոր դատախազություն։

(Visited 50 times, 1 visits today)