«Շուշի» չկա՛` «Շուշա՛» Ալիևը Շուշիում ծաղրում է «Գյոռբագյոռ եղած» Արցախի ․․․․ (տեսանյութ)

««Շուշի» չկա՛` «Շուշա՛»»․․․Ալիևը Շուշիում ծաղրում է «Գյոռբագյոռ եղած» Արցախի ․․․

Մանրամասները՝ տեսանյութում

Շուշի

Շուշին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) համանուն շրջանի վարչական կենտրոնն է: Առաջին անգամ հիշատակվել է XV դարում:

Շուշին Ղարաբաղի լեռնաշղթայի նախալեռներում է՝ Գորիս–Ստեփանակերտ ճանապարհին՝ Ստեփանակերտից 11 կմ հարավ: Կլիման մեղմ է, բարեխառն: Հունվարի միջին ջերմաստիճանը –2 օC է, հուլիսինը՝ 19 օC, տարեկան տեղումների միջին քանակը՝ 645 մմ:

Շուշի բնակավայրի մասին վկայում են նրա շրջակայքում և բարձրավանդակի վրա սփռված մ. թ. ա. II–I հազարամյակների դամբարանները:
Դժվարամատչելի բնական դիրքի շնորհիվ Շուշին հնուց ի վեր արցախահայության համար ունեցել է պաշտպանական նշանակություն. այն պարսպապատել են ու դարձրել բերդ: IX դարի կեսին Խաչենի (Արցախ) իշխան Սահլ Սմբատյանն այստեղ է հաղթել արաբ ասպատակիչ զորքին և ազատագրել գերեվարված հայ բնակչությանը:

Շոշ անվանումն առաջին անգամ հիշատակվում է XV դարում՝ այդտեղ գրված ձեռագիր հիշատակարանում: Ուշմիջնադարյան աղբյուրներում հիշատակվում է Քար, հաճախ՝ նաև Շոշի բերդ (հարևան համանուն ավանի) անվանումներով:
XVII դարի վերջից հայկական ինքնավար իշխանությունները փորձել են թոթափել պարսկական լուծը, իսկ 1724–35 թթ-ին մարտնչել են օսմանյան զորքերի դեմ:

 

XVIII դարի սկզբին Շուշին եղել է հայոց ազատագրական պայքարի կենտրոն: 1720-ական թվականներին հայկական զորախմբի գլխավոր հրամանատար Ավան հարյուրապետը (Ավան Յուզբաշի) Շուշի բերդ-ամրոցը վերակառուցել է Շուշի սղնախի (ապաստարան, ամրություն):
XVIII դարի 2-րդ կեսին թուրքական ջիվանշիր վաչկատուն ցեղի առաջնորդ Փանահ Ալին, օգտվելով Ղարաբաղի մելիքությունների ներքին անհամաձայնություններից, Վարանդայի Մելիք-Շահնազարի օժանդակությամբ տիրացել է Շուշիին և իրեն հռչակել Ղարաբաղի խան, բերդը բնակեցրել թուրք վաչկատուն ցեղերով, ապա՝ Ագուլիսից, Ղազանչիից, Մեղրիից և այլ վայրերից տեղահանված շինական ու արհեստավոր հայերով: 1750-ական թվականների կեսին Մելիք-Շահնազարը և Փանահ Ալի խանը վերակառուցել են բերդը:
XIX դարի սկզբներին Շուշին դարձել է ռուս-պարսկական պատերազմների ռազմաբեմ: 1805 թ-ի մայիսի 14-ին Կյուրակչայի պայմանագրով (պաշտոնապես վավերացվել է 1813 թ-ի Գյուլիստանի ռուս-պարսկական հաշտության պայմանագրով) Շուշին (Ղարաբաղի կազմում) անցել է Ռուսաստանին:

 

Շուշիում քաղաքաշինությունը զարգացել է ռուսական տիրապետության շրջանում. առաջին գլխավոր հատակագիծը կազմել են ռուս զինվորական ճարտարապետները՝ 1820-ական թվականներին (վերակազմվել է 1837, 1844 և 1855 թթ-ին): Կառուցապատվել են հայաբնակ թաղամասերը, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր կենտրոնն ու եկեղեցին: Կառուցվել են քաղաքատիպ բնակելի և հասարակական շենքեր՝ տպարաններ, դպրոցներ, ուսումնարաններ, ակումբ, գրադարաններ, խանութներ, հյուրանոցներ, 2–3-հարկանի բնակելի տներ, սրբատաշ կրաքարով՝ 5 եկեղեցի՝ Կուսանաց անապատի միանավ, թաղածածկ, եռահարկ զանգակատնով Սբ Աստվածածին (1816 թ., չի պահպանվել), Նոր կամ Վերին թաղի խաչաձև գմբեթավոր, արևմտյան կողմում՝ զանգակատնով Սբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ կամ Ղարաբաղցոց, 1848 թ.), Ագուլեցոց Սբ Աստվածածին (1822 թ.) և Մեղրեցոց Սբ Աստվածածին (1838 թ.) եռանավ բազիլիկները (չեն պահպանվել), Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ մայր տաճարը (1868–87 թթ., վերանորոգվել է 1981–97 թթ-ին, 1996 թ-ից Արցախի թեմի առաջնորդանիստն է): Այդ շրջանում բարենպաստ պայմաններ են ստեղծվել նաև քաղաքի տնտեսության զարգացման համար, և կարճ ժամանակամիջոցում Շուշին դարձել է Անդրկովկասի խոշոր քաղաքներից, մետաքսագործության և գորգագործության կենտրոն, գործել են նաև 950-ից ավելի առևտրական, արհեստավորական-տնայնագործական, արտադրական ձեռնարկություններ:
Շուշին նույնպես տուժել է 1905–07 թթ-ի հայ-թաթարական ընդհարումներից:
1918–20-ական թվականներին Ադրբեջանի մուսավաթական կառավարության դրդմամբ և անմիջական մասնակցությամբ Շուշիում տեղի են ունեցել արյունալի կոտորածներ. 1920 թ-ի մարտի 23-ին քաղաքի հայկական մասն ամբողջովին ավերվել ու հրդեհվել է:
1921 թ-ի հուլիսի 5-ին՝ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշմամբ, Շուշին Լեռնային Ղարաբաղի կազմում տրվել է Ադրբեջանին: Խորհրդային իշխանության առաջին տարիներից մինչև 1960-ական թվականների սկիզբը Շուշին չի կառուցապատվել, այնուհետև հայկական թաղամասի ավերակների վրա կառուցվել են նոր շենքեր, ոչնչացվել են հայկական եկեղեցիները և ռուսական միակ եկեղեցին:
1988 թ-ի գարնանից սկսված արցախահայության ազգային-ազատագրական շարժման սկզբից Շուշիի մոտ 2 հզ. հայերը բռնի տեղահանվել են:

 

1991 թ-ի աշնանից Շուշիում տեղակայված ծանր հրետանիով և հրթիռային կայանքներով պարբերաբար հրթիռակոծվել ու ավերվել են հայկական բնակավայրերը և մայրաքաղաք Ստեփանակերտը:
Գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ղեկավարությամբ 1992 թ-ի մայիսի 8-ի գիշերվա ժամը 230-ին սկսվել և մայիսի 9-ի վաղ առավոտյան ավարտվել է քաղաքը թշնամուց «մաքրելու» գործողությունը: 1992 թ-ի մայիսի 16–18-ը հայկական ուժերն ազատագրել են նաև Շուշիի շրջանի գյուղերը, Լաչինն ու շրջակա բնակավայրերը: Բացվել է Գորիս–Լաչին ճանապարհը: ՀՀ-ում և ԼՂՀ-ում մայիսի 9-ը պաշտոնապես հայտարարվել է Շուշիի ազատագրման, ԼՂՀ պաշտպանության բանակի և հաղթանակի օր (եռատոն):
ԼՂՀ ԱԺ-ի 1994 թ-ի մայիսի 7-ի որոշմամբ սահմանվել է «Շուշիի ազատագրման համար» ԼՂՀ մեդալը:
Քաղաքում գործում են դպրոցներ, մշակույթի օջախներ, եկեղեցիներ: Բերդաքաղաքի ու նրա մերձակայքի մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու և Շուշիի XIX դարի պատմաճարտարապետական դիմագիծը վերականգնելու նպատակով 2000 թ-ին ստեղծվել է «Շուշի» բարեգործական-մշակութային հիմնադրամը:
Շուշիի մուտքի մոտ տեղադրվել են «Տանկ-հուշարձանը» և զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված «Ամենափրկիչ խաչարձանը», իսկ քաղաքի կենտրոնում՝ պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի հուշարձանը (2000 թ., քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան):

 

Շուշին եղել է հայ մշակույթի կարևոր կենտրոն, որտեղ բարձր զարգացման են հասել կրթությունը և հատկապես գրատպությունը: 1827–1920 թթ-ին քաղաքում գործել է 5 տպարան, հրատարակվել է ավելի քան 150 անուն գիրք: Առաջին անգամ առանձին գրքերով տպագրվել են Րաֆֆու «Խենթը», Մանուկ Աբեղյանի «Նմուշներ» բանաստեղծությունների ժողովածուն, Լեոյի «Վե՞պ, թե՞ պատմություն», «Վահան Մամիկոնյան» և այլ ստեղծագործություններ, հայերեն լույս են տեսել Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբան», Ֆիրդուսու «Շահնամեն», Ալֆոնս Դոդեի և ուրիշների գործերից: Հրատարակվել են մեկ տասնյակից ավելի պարբերականներ՝ «Հայկական աշխարհ», «Քնար խոսնակ», «Գործ», «Ղարաբաղ», «Ծիածան» և այլն:
Շուշիում գործել են Ղարաբաղի Հայոց թեմական դպրոցը (1838 թ.), Ղարաբաղի Սուրբ Տիրամայր Մարիամի օրիորդաց (1864 թ.), Քաղաքային (1875 թ.) ու Ռեալական ուսումնարանները (1881 թ.), Մարիամ Ղուկասյան արքունական օրիորդաց գիմնազիան (1894 թ.) և 10 այլ կրթօջախներ:
Շուշիում տարբեր ժամանակներում դասավանդել են Պետրոս Շանշյանը, Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը, Վրթանես Փափազյանը, Լեոն, Հրաչյա Աճառյանը և հայ մշակույթի այլ նշանավոր դեմքեր:
1865 թ-ին սկզբնավորվել է Շուշիի թատերական կյանքը. թիֆլիսահայ

«Շուշիի ազատագրման համար» մեդալը (սահմանվել է 1994 թ-ին)
դերասաններ Գևորգ Չմշկյանի, Ամիրան Մանդինյանի, Միհրդատ Ամրիկյանի մասնակցությամբ բեմադրվել են «Վարդան Մամիկոնյան», «Շուշանիկ» և «Սամվել» պիեսները: 1891 թ-ին բացվել է Խանդամիրյանի թատրոնը, որտեղ կազմակերպվել են նաև կրկեսային ներկայացումներ: Շուշիում հյուրախաղերով հանդես են եկել Սիրանույշը, Գևորգ Պետրոսյանը, Հովհաննես Աբելյանը, Գրիգոր Ավետյանը, Հովհաննես Զարիֆյանը, Սաֆրազյան ամուսինները և ուրիշներ: 1904 թ-ին Հովհաննես Աբելյանը Շուշիում բեմադրել է Շեքսպիրի «Օթելլոն», իսկ 1915 թ-ին Օթելլոյի դերում հանդես է եկել Վահրամ Փափազյանը:
Շուշիում ելույթներ են ունեցել երգիչներ Արշակ Կոստանյանը, Բեգլար Ամիրջանյանը, Ներսես Շախլյանը, երաժշտարվեստի զարգացմանը նպաստել են կոմպոզիտորներ Ստեփան Դեմուրյանը, Գրիգոր Սյունին (Միրզայան), Դանիել Ղազարյանը և ուրիշներ: Շուշի են այցելել Կոմիտասը, Քրիստափոր Կարա-Մուրզան, Արմեն Տիգրանյանը և ուրիշներ: Քաղաքում գործել են գործիքային ու լարային նվագախմբեր, պարի խումբ:

 

Շուշիում են ծնվել գրողներ Լեոն, Մուրացանը, կոմպոզիտոր Դանիել Ղազարյանը, դերասան Վաղարշ Վաղարշյանը, նկարիչներ Ստեփան Աղաջանյանը, Միքայել Արուտչյանը, քանդակագործ Հակոբ Գյուրջյանը, քիմիկոս Իվան (Հովհաննես) Կնունյանցը, պատմաբան և կուսակցական գործիչ Աշոտ Հովհաննիսյանը, բուսաբան Արմեն Թախտաջյանը, օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը, հեղափոխական և պետական գործիչներ Սպանդար Սպանդարյանը, Բոգդան Կնունյանցը, Սարգիս Կասյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը, Իվան (Հովհաննես) Թևոսյանը և ուրիշներ:
Ըստ քաղաքի նոր՝ 2007 թ-ի հատակագծի՝ նախատեսվում է Շուշին մինչև 2020 թ. վերականգնել որպես Արցախի մշակութային կենտրոն: