Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ հանգստի մեկնած ամուսիններ՝ Նարեկ և Լիլիթ Հովհաննիսյաններն ահազանգել են Mamul.am-ի խմբագրություն՝ տեղեկացնելով, որ հայտնվել են անելանելի վիճակում. «Ես ու կինս հիմա Շարմ Էլ Շեյխում ենք: Վայէջքի ժամանակ 30 շաբաթական (7 ամսական) հղի կինս միանգամից վատացավ և հյուրանոցից անմիջապես շտապօգնությունով տեղափոխեցին հիվանդանոց, և քանի որ իր ուժերով չէր կարող ծննդաբերել, ուստի կեսարյան հատում արեցին: Երեխան 2 կգ է ծնվել, նրա հետ ամեն ինչ նորմալ է, բայց բժիշկներն ասում են որ 3500 ԱՄՆ դոլար պետք է վճարենք, որպեսզի թույլ տան վերադառնանք: Այսինքն՝ քանի դեռ չենք վճարել նշված գումարը, չենք կարող երեխային վերցնել և Հայաստան գալ»,- տեղեկացրեց Նարեկ Հովհաննիսյանը:
Լիլիթ Հովհաննիսյանն էլ նշեց, որ հենց սկզբից հիվանդանոցում իրենցից 5000 ԱՄՆ դոլար են պահանջել, և քանի որ իրենք այդքան գումար չեն ունեցել՝ դիմել են Եգիպտոսում ՀՀ դեսպանատանը, որպեսզի օգնություն ցուցաբերվի: «Դեսպանատան միջամտությամբ 5000 դոլարն իջեցվեց մինչև 3500-ի, սակայն խնդիրը նրանում է, որ մենք այդ գումարը ևս չունենք»,- ասում էր մեր զրուցակիցը՝ խնդրելով որևէ միջոց ձեռնարկել իրենց օգնելու համար:
mamul.am-ի թղթակիցը դիմել է ՀՀ ԱԳՆ-ին՝ պարզելու համար, թե խնդրի լուծման ի՞նչ տարբերակներ կան:
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ կխոսի դեսպանի հետ՝ խոստանալով խնդրի վերաբերյալ տեղեկություն տրամադրել:
Ամուսինների խոսքով՝ Շարմ էլ ՇԵյխ հանգստի մեկնելը պլանավորված չի եղել, քանզի տոմսերը շահել են խաղարկությամբ: