ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը մի քանի օր առաջ այցելել է Երեւանի Թբիլիսյան խճուղու վերջնամասում՝ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալցակայան, որտեղ հանդիպել է հսկիչ-դրամարկղային կտրոն չտպելու դեպքի: Այդ մասին Պողոսյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ իր մատնանշած բենզալցակայանը երբեք ՀԴՄ կտրոն չի տրամադրում եւ չի տրամադրել։
«Ասեմ, որ սա առաջին դեպքը չէ: Ես Պտղնի գյուղում եմ ապրում՝ լինում են պահեր, որ հասնում եմ այդ տարածք, մեքենայիս մեջ բենզին չի լինում եւ իրենց բենզալցակայանից եմ լցնում: Նրանք երբեք ՀԴՄ կտրոն չեն տալիս, նույնիսկ երբ գալիս եմ պատգամավորական համարանիշներով: Ես նախազգուշացրել էի, որ իրենք ՀԴՄ տան, սակայն այդ նախազգուշացումն էլ չի ազդել»,- ասաց նա
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեր զրույցում ասաց, թե ծանոթ է Պողոսյանի գրառմանը: «Ես հորդորում եմ Գագիկ Ծառուկյանի անունը շահարկելու հաշվին իրենց գրառման համար լայքեր կամ կայքերում զետեղումներ ապահովելու գործելաոճից զերծ մնալ»,- ասաց Տոնոյանը:
Անդրադառնալով «Մուլտի» գազալցակայանում ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքին՝ Իվետա Տոնոյանը խորհուրդ տվեց դրա համար դիմել «Մուլտի գրուպ» ընկերությանը: Նշենք, որ ՀԺ-ն մի քանի անգամ փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ «Մուլտի գրուպ»-ի գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին: