«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը չի տիրապետում հայերեն գրավոր խոսքին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի եւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատական նիստը։

Պաշտպան Հովհաննես Խուդոյանը շեշտեց, որ թարգմանություններն անհրաժեշտ են Թավադյանի իրավունքների լիարժեք ապահովման համար: Ամբաստանյալն էլ իր հերթին վերահաստատեց, որ ինքը չի տիրապետում հայերեն գրավոր խոսքին, չգիտի ո՛չ գրել, ո՛չ կարդալ, իսկ բանավորին տիրապետում է խոսակցական մակարդակով: Տուժող կողմի հարցին, թե նա ի՞նչ կրթություն ունի, Թավադյանը պատասխանեց, որ սովորել է Ստեփանակերտում՝ ստանալով ռուսական կրթություն:

Գործով ներգրավված թարգմանիչը դատարանին տեղեկացրեց, որ 3 օրից թարգմանությունները պատրաստ կլինեն, եւ այդպիսով նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 4-ին՝ ժամը 15:00-ին:

Հիշեցնենք՝ միջադեպը, որ առիթ է հանդիսացել քրեական գործի հարուցման համար, տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 13-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ: Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր իրականացրել դատարանի դիմաց՝ «Ռոբիկ՝ սրիկա, Ռոբիկ՝ մարդասպան» պաստառով, որը Քոչարյանի աջակիցները նրա ձեռքից խլել եւ պատռել էին: Առաջացած քաշքշուկի ժամանակ՝ նաեւ ջրով լի շշով հարվածել նրա դեմքին: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն հարուցել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ), եւ Վարդգես Գասպարին ճանաչվել էր տուժող: Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել Արմեն Թավադյանին, եւ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նա, սակայն, մեկ այլ քրեական գործով այժմ կալանավորված է. Թավադյանը մեղադրվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործով տուժողներից մեկին ցուցմունք տալու նպատակով կաշառելու մեջ:

Այսօրվա դատական նիստն սկսվեց նախատեսվածից կես ժամ ուշ, որպեսզի ապահովվի ամբաստանյալի ներկայությունը: Այն պահին, երբ Թավադյանը բերվեց դատարան, նիստերի դահլիճում հնչեցին ծափահարություններ՝ «Թավադյան՝ հերոս», «Թավադյան, կարոտել էինք» վանկարկումներով, ինչի վերաբերյալ Վարդգես Գասպարին հայտարարություն արեց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված հանցագործություն է, հետեւաբար երբ դատարանի դահլիճում ներկաները ծափահարում են նրան, նշանակում է, որ նրանք եւս կոպտորեն խախտում են հասարակական կարգը եւ կատարում բարոյականության դեմ ուղղված հանցագործություն: Գոնե դատարանի դահլիճում դա չի թույլատրվում, եւ ես ակնկալում եմ, որ դատարանն ապահովի օրենքի տարրական պահանջները»: Գասպարին շեշտեց, որ դա տեղի ունեցավ մինչ դատավորի գալը, ուստի պահանջեց, որ նախ՝ ամբաստանյալը նիստերի դահլիճ բերվի դատավորի գալուց հետո, եւ ապա, որ որեւէ մեկը նման պահվածք իրեն այլեւս թույլ չտա:

Նիստի ավարտից հետո դատարանի բակում Թավադյանի աջակիցների եւ Գասպարիի միջեւ ընդհարում տեղի ունեցավ: Գասպարին բացականչեց. «Ռոբիկ՝ մարդասպան», ինչին ի պատասխան՝ Թավադյանի աջակիցները հայտարարեցին, որ նա խախտում է անմեղության կանխավարկածը՝ նրան անվանելով սադրիչ: Դրանից հետո իրավիճակը լարվեց, եւ կողմերը միմյանց հասցեին սկսեցին վիրավորական արտահայտություններ հնչեցնել:

(Visited 61 times, 1 visits today)