44-օրյա պատերազմում զոհված Լևոն Մանուկյանի 43-ամյա մայրը լույս աշխարհ է բերել զույգերի. ցավոք, մեկի սիրտը կանգ է առել

 

44-օրյա պատերազմում զոհված Լևոն Մանուկյանի 43-ամյա մայրը լույս աշխարհ է բերել զույգերի. ցավոք, մեկի սիրտը կանգ է առել
Լևոն Մանուկյանը զոհվել էր 2020թ-ի հոկտեմբերի 14-ին Մատաղիսում։

Նրա մայրը՝ 43-ամյա Նելլի Ղահրամանյանը, վերջերս հրաշալի նորություն էր հայտնել. զույգ բալիկների էր սպասում, մարտ ամսին պիտի լույս աշխարհ գային։ Ստացվեց այնպես, որ երեխաները ծնվեցին վեց ու կես ամսականում: Ցավոք, նրանցից մեկի մոտ սրտի կանգ արձանագրվեց:

Araratnews.am-ը կապ հաստատեց տիկին Նելլիի հետ՝ տեղեկանալու փոքրիկի առողջական վիճակի մասին:

«Երազ էի տեսել, Լևոնս եկավ ու ասաց, որ ինձ համար ցուլիկներ է ուղարկում, հետո պետական աջակցության ծրագրով էկո կատարվեց ու հրաշք տեղի ունեցավ. ես զույգ աղջիկների էի սպասում։ Ցավոք, մի բալիկս մահացավ. սրտի կանգ էր մոտը, մյուս փոքրիկս Հանրապետական հիվանդանոցում պայքարում է իր կյանքի համար, դաժան բաժին է հասել մեզ. մի ցավը քիչ էր, մյուսը եղավ, բայց փորձում եմ ուժեղ լինել, չկոտրվել։ Հունվարի 18-ից Հանրապետական հիվանդանոցում էի, հունվարի 23-ի առավոտյան ծնվեցին փոքրիկներս, ցավոք, հրաշքներիցս մեկի կյանքը չհաջողվեց փրկել։

Ուզում եմ անսահման շնորհահալություն հայտնել Հանրապետական հիվանդանոցի ծննդատան բաժնի վարիչին՝ Աղասի Աշոտովիչին, ով հնարավոր ամեն բան արեց, որպեսզի գոնե փոքրիկներիցս մեկը փրկվի։ Շնորհակալ եմ մանկաբույժ Լիլիթին, ով հիմա փոքրիկիս խնամում ու պարբերաբար ինձ լուսանկարներ է ուղարկում, որպեսզի տեղեկանամ երեխայիս առողջական վիճակից։

Ի հիշատակ պատերազմում զոհված որդուս՝ Լևոնիս, ամուսինս և դուստրս նոր ծնված փոքրիկիս անվանեցին Լեոնա»։

Տիկին Նելլին վստահ է, որ փոքրիկն Աստծո և իր զոհված որդու պարգևն է իրեն, ասաց, որ նորածին դստրիկը շատ նման է իր Լևոնին։ Տիկին Նելլին զրույցի ավարտին հավելեց, որ հիմա առավել ուժեղ պետք է լինի, ապրի ու ապրեցնի իր փոքրիկին։

(Visited 64 times, 1 visits today)