25 հազար զոհերի գնով «հաղթանակ». Ալիեւի հիստերիան պատահական չէ

Նիկոլ Փաշինյանի Փարիզ այցին հետեւեց Բաքվի հիստերիկ արձագանքը հատկապես երկու հայտարարությունների կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի հայտարարությունը համարել էր թուղթ, որը չի լուծել խնդիրները, եւ որ սողացող գործընթացը շարունակվում է: Մակրոնն իր հերթին պահանջել էր Բաքվի զորքերի դուրսբերումը Հայաստանի տարածքից եւ կարգավորումը Մինսկի խմբում շարունակելը:

Բաքուն սպառնում է նոր պատերազմով, եւ ինչն ավելի հետաքրքիր է՝ Հայաստանում հետընտրական ցնցումներով, ընդ որում՝ հղում անելով Մոսկվայի հետ տանդեմով գործելուն: Դատելով Բաքվի արձագանքի շեշտադրումներից, դրանք ներդաշնակ են ռուսական պաշտոնական քարոզչության դրույթներին, հատկապես Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի կապակցությամբ: Թե ինչով Թուրքիան ՆԱՏՕ չէ, բնականաբար այս մասին չի խոսվում ոչ Բաքվում, ոչ էլ Մոսկվայում: Ավելին, արդեն ՆԱՏՕ է նաեւ «ադրբեջանը» Թուրքիայի հետ պայմանագրային բազայի ուժով:

Հայկական մամուլում տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի տարածքից Բաքվի զորքերի դուրսբերման շուրջ Մոսկվայում ընթացող եռակողմ բանակցություններն ավարտվել են անարդյունք, եւ պատճառն իբր Փաշինյանի Փարիզ այցի կապակցությամբ ռուսական կողմի դժգոհությունն է: Պատճա՞ռը, թե առիթը, սա շատ կարեւոր է, բայց նույնիսկ եթե տեղեկատվությունը ճիշտ է, ինքնին խոսում է ռուսական կողմի մոտիվացիայի մասին: Դե, իսկ Փաշինյանն իր անողնաշար կառավարությամբ ու կիսատ-պռատ քայլերով տեղով մեկ առիթ է, դրա համար էլ Կրեմլը առայժմ «փայփայում» է նրան:

Լավրովի պլանի ընդլայնված կիրառումը Հայաստանի դեմ, մասնավորապես եռակողմ նոր հայտարարությունը նպատակ ունի օրինականացնել պատերազմի արդյունքները եւ լեգիտիմացնել «ադրբեջանը» որպես պետություն: Արեւմուտքը համառում է եռակողմը ճանաչելու հարցում եւ պնդում միջազգային ատյաններում խնդրի կարգավորումը: Ինքը Բաքուն հայտնվել է երկիմաստ իրավիճակում՝ պատերազմի արդյունքների ամրագրումը եռակողմ ձեւաչափով չի ստանում միջազգային ճանաչում, իսկ Ռուսաստանի պրոքսի-գործիքի դերն ինչ որ պահի կարող է լուրջ հետեւանքներ ունենալ: Ընդ որում, նույնիսկ այն պարագայում, եթե Մոսկվա-Բաքու համաձայնություններն իրականանան լիարժեք ծավալով:

Բաքուն շատ թանկ է վճարել «հաղթանակի» համար՝ 25-30 հազար զոհ, ըստ ռուս ռազմական փորձագետների: Բաքուն պաշտոնապես ընդունել է մոտ 3000 զոհերը: Զոհերի քանակը հնարավոր չէ թաքցնել անվերջ, դրա համար «պերմանենտ հաղթանակներ» են պետք «հետպատերազմյա կարգավորման» շրջանակում, որոնք կարող են բախվել անսպասելի հանգամանքների: Դրա նշանները կան: Իսկ տասնյակ հազարավոր զոհերի հանգամանքը ինքնին Բաքվում ներքին ցնցումների ներուժ ունի, հատկապես ՌԴ-ում պուտինյան ռեժիմի տրանզիտի շրջանում:

Նոյեմբերի 9-ը կապիտուլյացիա չէր, ինչպես փորձում են ներկայացնել Բաքուն ու հայաստանյան քաղաքական որոշ շրջանակներ, այլ ժամանակավոր նահանջ: Նույնիսկ այս իրավիճակում, որքան էլ տարօրինակ հնչի, Հայաստանի հնարավորությունները պահպանվում են եւ ինչ որ առումով մեծանում, որոնք սակայն կարող են բաց թողնվել գործող կառավարության ու ընտրական արշավի մասնակից քաղաքական ուժերի անհամարժեքության ու նեղ մոտիվացիայի հետեւանքով: Հանրության մեջ ձեւավորվում են նոր խմբեր ու գաղափարներ, որոնք կարող են ստանձնել այդ հնարավորություններն օգտագործելու պատասխանատվությունը: Ժամանակը քիչ է, այն գրեթե սպառվել է:

(Visited 37 times, 1 visits today)