105–ամյա հայ պապիկը Իտալիայից տեղափոխվել է Հայաստան. (տեսանյութ)

Թուրքիայում ծնված, կյանքի մեծ մասն Իտալիայում ապրած 105-ամյա հայ պապիկը` Նուրհան Ժոզեֆովիչը, մոտ 4 ամիս է տեղափոխվել և բնակվում է պատմական հայրենիքում` Հայաստանում։

Sputnik Արմենիայի նկարահանող խմբին հաջողվել է հանդիպել ու զրուցել 105-ամյա, կենսուրախ ու հայրենասեր պապիկի հետ։ Նուրհան Ժոզեֆովիչն ասում է` մարդ ինչքան մեծանում է, այնքան ավելի շատ է ուզում ընտանիքին, հայրենիքին մոտ լինել։ Հայաստան գալը նրա ամբողջ կյանքի երազանքն է եղել։ Ու միայն 105 տարեկանում նա իրականացրել է վաղեմի իղձը։Շուտով նա նաև հայկական անձնագիր կունենա։ Արդեն փաստաթղթերը ներկայացրել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

«Հայրենիքս Հայաստանն է։ Պետք է Հայաստան գայի։ Եկա։ Հայրենիքում ապրելը հատուկ զգացողություն է»,- ասում է նա։Նուրհան պապն Իտալիայի քաղաքացի է, թեև 1915 թվականին ծնվել է Թուրքիայի Օրթա գյուղում:Դպրոցն ավարտելուց հետո Նուրհանը հինգ տարի աշխատել է Թուրքիայում իտալական բանկի մասնաճյուղում։ Հասկանալով, որ աշխատանքը հեռանկարային չէ, նա ազատվել է աշխատանքից։ 1950թ.-ին աշխատանքի է անցել Թուրքիայում Իտալիայի դեսպանատանը։ Սկսել է մշակույթի հարցով քարտուղարի պաշտոնից, հետո աշխատել դեսպանատանը՝ որպես ռազմական կցորդի երրորդ, այնուհետև երկրորդ և վերջապես առաջին քարտուղար։ 1980թ.-ին անցել է թոշակի։Իտալիայի կառավարությունը երկրին մատուցած ծառայությունների համար նրան պարգևատրել է շքանշանով։Նուրհան պապն իր երկարակեցության գաղտնիքը համարում է ամեն ինչում չափավոր լինելը։

(Visited 20 times, 1 visits today)