Քոչարյանն Ամանորը կալանավայրում կանցկացնի. դատավորն արձակուրդ է գնում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից  ազատ արձակելու համար կրկին անձնական երաշխավորություն կներկայացվի։ Այդ մասին այսօր դատարանում հայտարարեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Նա դատարանին խնդրեց առաջիկա օրերին դատական նիստ նշանակել, որպեսզի իրենք կարողանան խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնել։

«Հարգելի դատարան, երևի պատկերացնում եք, որ անձնական երաշխավորության հետ կապված` միայն մեզանից չի կախված»,– ասաց Ալումյանը։

Դատավոր Աննա Դանիբեկյանն առաջարկեց միջնորդությունը ներկայացնել այսօր, քանի որ մնացած օրերին արդեն այլ դատական նիստեր կան նշանակված։ Քոչարյանի փաստաբանները, սակայն, հրաժարվեցին դա անել։

Այսպիսով, փաստորեն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Ամանորը կդիմավորի կալանավայրում։

Похожее изображение

Բանն այն է, որ Աննա Դանիբեկյանը դեկտեմբերի 10-ից արձակուրդ է գնալու։ Հետևաբար, դատավարությունը կշարունակվի արդեն 2020թ–ի հունվարին` տոնական հանգստից հետո։

Հիշեցնենք`«Մարտի 1»-ի գործի շրջանակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2018–ի հուլիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով առ այն, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

(Visited 109 times, 1 visits today)