Քանի որ ինքը մորուքով եկավ եւ նոր կյանք սկսեց, մենք պարտավոր էինք մոռանալ. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը  իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է ներկայացրել.

«Շատ եմ ուզում, որպեսզի ամրագրենք մի հետաքրքիր եւ պատմական փաստ՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարդ, ով հերքում է ամեն ինչ եւ բոլորին, չի հերքել այն, ինչ ես պատմեցի օրերս, եւ չի հերքել այն, ինչ Արթուր Վանեցյանը պատմեց ամիսներ առաջ: Փաշինյանը հանձնարարել էր այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ինձ հետ հանդիպել Հռոմում եւ քննարկել գործարք՝ ես դադարում եմ ՀՀ-ում զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ, բոլոր քրեական հետապնդումները դադարում են կամ շատանում, եթե ես հրաժարվում եմ, ես մուծում եմ սիմվոլիկ գումար X հիմնադրամին: Թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի հերքել, ես շատ լավ գիտեմ, եւ գիտի նաեւ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Ինձ ուղղված հարցերի խմբից առաջին հարցադրումը հետեւյալն է՝ բա Սերժի վախտ ինչի՞ չէիր խոսում: Ժողովուրդ, Սերժի վախտ խոսում էր երկու մարդ՝ Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը, այն էլ պարզվեց, որ կեսը սուտ էր ասում, այն մյուս կեսն էլ, քանի որ ինքը մորուքով եկավ եւ նոր կյանք սկսեց, մենք պարտավոր էինք մոռանալ: Իսկ իրականում ես Սերժ Սարգսյանի ժամանակ զբաղեցրել եմ երկու պաշտոն: Եղել եմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, հետո՝ դեսպան: Առաջին մասով, անկեղծ լինենք, դուք ճանաչո՞ւմ եք այսօրվա այն անձնավորությանը, որը զբաղեցնում է նման պաշտոն: Իհարկե՝ ոչ: Նա խոսո՞ւմ է. ես չեմ տեսել: Երկրորդ մասով, երբ ես դեսպան էի, ընդունված չէ, որ դեսպանները քննարկեն ներքաղաքական հարցեր: Ես մտածել եմ, որ ես պետք է աշխատեմ եւ իմ ուղիղ պարտականություններով զբաղվեմ: Կարծում եմ՝ ես դա լավ եմ արել, խոսել եմ քիչ, բայց դեսպանի առաքելության ժամանակ բավականին շատ խոսել եմ այդ հարցերի շուրջ: Երկրորդ հարցադրումը այսպիսին է՝ եթե դու արդար ես, ազնիվ ես, եւ չկա փաստ, արի ու ապացուցի քո ազնվությունը: ՀՀ-ում չկա արդարություն եւ արդարադատություն, եւ ես վստահ եմ, որ դուք դա գիտեք: Կարող է՝ դուք դեռ դրան չէք հանդիպել, բայց ես վստահ եմ, որ դա ամենուր է: Նիկոլ Փաշինյանն ինձ վաղուց արդեն նշանակել է մեղավոր: Այն մարդիկ, որոնք կատարում են նրա ուղիղ հանձնարարականները, պատրաստված են՝ ինձ կալանավորելու եւ ձերբակալելու՝ առանց ինձ խոսելու հնարավորություն անգամ տալու: Անկեղծ, եթե դուք իմ տեղը լինեիք, կգայի՞ք: Իհարկե, ո՛չ: Ես գալու եմ, որովհետեւ ինձ համար ծանր է ապրել ՀՀ-ից դուրս՝ իմանալով, որ իմ ընկերները, ընտանիքի անդամները ՀՀ-ում ենթարկվում են քաղաքական հետապնդումների: Նրանց տները խուզարկվում են, նրանք հարցաքննվում են, բայց գիտեն, որ սա իմ ընտրած ճանապարհն է, ու հասկանում են ինձ, ես էլ նրանց»:

Տեսանյութը ստորև.

 

(Visited 20 times, 1 visits today)