«Փաշինյանի ֆազն ու նոլը խփել է․ նրա տարիների շանտաժը Սերժ Սարգսյանը զրոյացրեց»․ Էդուարդ Շարմազանով

Վարչապետի պաշտոնը զավթած Փաշինյանը նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, երբ արդեն ունենք 29 մահ, 2000-ին մոտեցող հաստատված վիրուսակիրներ, երբ աշխարհը նոր տնտեսական և սոցիալական ճգնաժամի մեջ է, երբ Ադրբեջանը սկսել է ավելի խիստ և ավելի հաճախ խախտել հրադադարի ռեժիմը, երբ օդ ու ջրի պես մեր հասարակությանն ու քաղաքական ուժերին անհրաժեշտ է ազգային համերաշխություն, միասնություն, էլի բարիկադներ է կառուցում, էլի հին ու նորից է խոսում, խոսում է հների ուրվականից։

Ես արդեն չգիտեմ՝ ինչ ասել։ Նման հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ազգային խայտառակություն է նման մտածողությամբ վարչապետ ունենալը։ Սա ազգային աղետ է։ Ի՞նչ է նշանակում՝ ազգայինի հին ու նոր ընկալում։ Ազգայինը Հայկ Նահապետից մինչև այսօր չունի հին ու նորի ընկալում, իր ընկալումը մեկն է, և իրական ազգայինը չի բաժանում քրիստոնեական և նախաքրիստոնեական շրջանները։

Սերժ Սարգսյանը գնաց Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողով, հանձնաժողովականներն ասացին՝ պատրաստված եկել է, և ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանի ֆազն ու նոլը խփել է հենց Սերժ Սարգսյանի պատրաստված լինելուց, հանձնաժողովականների հարգալից վերաբերմունքից, և Նիկոլի հանձնարարականները, միգուցե, ի չիք են դարձել, չեն կարողացել նրանք նեղը գցել Սերժ Սարգսյանին կամ իրենց փաստարկներով մի փոքր հարցական դնել Ապրիլյան պատերազմի հաղթանակի վրա։ Նիկոլ Փաշինյանի տարիների շանտաժը Սերժ Սարգսյանը՝ հանձնաժողով գնալով, զրոյացրել է։

Ազգայինը գործունեությամբ է լինում, մի հատ միջոցառում անելով չի լինում։ Ապրիլի 24-ը համազգային է, հերիք է սեփականաշնորհես։ Կրակն ենք ընկե՞լ, որ ամեն առավոտ չենք արթնանում ու Աստծո տեղը Նիկոլի անունը տալիս, ասենք՝ վայ, Նիկոլ, շնորհակալություն, դու Աստծո պարգև ես հայ ազգի համար։

Ես դեմ չեմ, որ պետական աշխատողը շատ վճարվի, բայց պետք է արդյունքի համար վճարվի։ Էդ ի՞նչ են արել։ Ոչ մի բանով չեն տարբերվում Յակոբինյաններից։ Նրանք էլ էին ապրում այդ տենդի մեջ, որ ամեն ինչը նոր լինի, նույնիսկ Ֆրանսիայում ամիսները փոխեցին, դուք էլ փոխեք, ապրիլը դրեք Նիկոլի անունով, մյուս ամիսը՝ աներձագի, և այդպես 12 ամիսը փոխեք, ոնց որ Յակոբինյաններն են արել։

Մեկ տարի առաջ, երբ ուզում էին քաղաքացու օրը նշել, ասել եմ՝ ընկեր ջան, ինչո՞ւ եք հեռվից գալիս, միանգամից Հայաստանը վերանվանեք Նիկոլստան, Երևանը՝ Նիկոլավան, հրապարակում էլ Նիկոլի արձանը դրեք, ու վերջ։ Մի մարդ, որ ազգային գաղափարախոսությունն էլ է հնի ու նորի տանում, ի՞նչ ասեմ։

(Visited 45 times, 1 visits today)