Տվյալ հենակետում այդ պահին եղել է վեց զինծառայող, և բոլորն էլ վիրավորվել են. Արտակ Բեգլարյանը նոր մանրամասներ է հայտնում

Ինչպես քիչ առաջ Պաշտպանության բանակը տեղեկացրել է, հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Այս գրել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Հորդորում եմ բոլորին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և «սկանդալային» տեղեկությունների աղբյուր դառնալու գայթակղությունից. բացի նշված վեց վիրավորից, որևէ այլ վիրավոր կամ զոհ չկա: Տվյալ հենակետում այդ պահին եղել է վեց զինծառայող, և բոլորն էլ վիրավորվել են: Իսկ երեք հոգի հենակետից դուրս էին գտնվում, և ոչ մի վնասվածք չեն ստացել:

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․  թարմացվող - infocom.amԱռողջապահության նախարարի հետ միասին ես այցելել եմ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ ու հանրապետական բժշկական կենտրոն, հետևել բուժսպասարկման աշխատանքներին. այժմ էլ գտնվում եմ այնտեղ: Որոշակի հետազոտություններից հետո բժիշկները հավաստիացնում են, որ երկուսի վիճակը գնահատվում է ծանր, և, բարեբախտաբար, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

ՊԲ-ից տեղեկացրել են, որ շփման գծի որոշ կետերում արձանագրվել են հրաձգության դեպքեր, սակայն որևէ հետևանք չի եղել: Այժմ իրավիճակը կայունացել է շփման գծի ողջ երկայնքով:

ԱՀ քաղաքական ու ռազմական ղեկավարությունը արտակարգ ռեժիմով քայլեր են ձեռնարկում իրավիճակի կայունացման ուղղությամբ՝ անհրաժեշտ որոշումներ կայացնելով ու հաղորդակցություն վարելով համապատասխան կողմերի հետ:

Խնդրում եմ մեր հայրենակիցներին ցուցաբերել հանգստություն, չտրվել կեղծ տեղեկությունների ու բամբասանքների: Պատկան մարմինները օպերատիվ ու կանոնավոր կերպով տեղեկություններ են ներկայացնելու իրավիճակի հետագա ընթացքի վերաբերյալ»:

(Visited 36 times, 1 visits today)