ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրք լրատվամիջոցները Երեւանում նկարահանումներ են իրականացնում. ԱԳՆ-ից ասում են՝ տեղյակ չեն, իսկ որտեղ է ԱԱԾ-ն

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ թուրք լրագրողն ազատորեն շրջում է Վերնիսաժի տարածքում։ Ուշագրավ է այն, որ թուրք լրագրողը խոսեցնում է հայ և մեկ թուրք առևտրականների (վերջինը, համենայդեպս, խոսում է թուրքերեն)։ Տեսանյութից երևում է, թե ինչպես է թուրք լրագրողը ջանում ցույց տալ, թե, իբր, հայ հասարակությունը դրական է տրամադրված հայ-թուրքական մերձեցմանը։

ՀՀ ԱԳՆ-ից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ թուրք լրագրողը Հայաստան մուտք գործելու թույլտվություն ստացե՞լ էր, թե ոչ, ասացին, որ ինֆորմացիա չունեն։ Իսկ ԱԱԾ-ից էլ հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Օտարերկրացի լրատվամիջոցները մուտք գործել եւ Հայաստանում մասնագիտական գործունեություն կարող են ծավալել ՀՀ ԱԳՆ-ում համապատասխան հավատարմագրում ստանալու դեպքում, մինչդեռ ԱԳՆ-ից մեր հարցմանն ի պատասխան նշել են, որ տեղեկատվություն չունեն։ Այսինքն՝ թշնամու երկրի քաղաքացիները կարող են անարգել մուտք գործել մեր երկիր, կատարել նկարահանումներ՝ առանց ՀՀ իրավասու մարմինների իմացության եւ ուղեկցման։

Եթե, իհարկե, բացառենք, որ գործ ունենք ստվերային պայմանավորված գործողության հետ, այն է՝ մեր պետական մարմինների համաձայնությամբ մուտք են գործել Հայաստան՝ կոնկրետ նպատակով։

Հիշեցնենք, որ վերջերս հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանում հանրային կարծիքի լայնածավալ ուսումնասիրություն էր իրականացրել ամերիկյան IRI կազմակերպությունը։

Հարցվածների գերակշիռ մեծամասնությունը դեմ էր արտահայտվել Հայաստան-Թուրքիա կոմունիկացիաների բացմանը։ Ավելին՝ հարցվածների 90%-ը՝ Թուրքիան, և 77%-ը՝ Ադրբեջանը համարում են Հայաստանի համար գլխավոր քաղաքական սպառնալիք ներկայացնող երկրներ։

Ակնկալում ենք, որ շրջանառվող տեսանյութի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն ու ԱԱԾ-ն հանդես կգան պարզաբանմամբ։

 

(Visited 46 times, 1 visits today)