«Տեսաերիզը շատ հարցերի կպատասխանի» 1999թ բացառիկ հարցազրույցը Տիգրան Նաղդալյանի հետ

Հարցազրույց ՀԱՀ գործադիր տնօրեն Տիգրան Նաղդալյանի հետ

– Ըստ որոշ աղբյուրների ՊՆ հայտարարության մեջ պահանջվող հրաժարականների շարքում հնչում է նաեւ ՀԱՀ-ի տնօրեն Տիգրան Նաղդալյանի անունը։

– Նախեւառաջ, ես հստակ տեղեկություն չունեմ, որ այդ անունն իրականում այնտեղ շոշափվում է, որովհետեւ գոնե պաշտոնական հայտարարություններում առնչություն իմ անվան հետ չկա, դրա համար, երեւի, հստակ մի բան չիմանալով՝ այդ բանը մեկնաբանել իմաստ չունի։

– Ձեզ մոտ գալիս նկատեցի, որ հեռուստատեսությունը լրջորեն պահպանվում է զինվորների կողմից։ Ձե՞զ են պահպանում, թե՞ ձեզնից են պահպանում։

– Հեռուստատեսության ուժեղացված պահպանումը մեր նախաձեռնությամբ միջադեպից հաշված րոպեներ հետո սկսվեց եւ շարունակվում է մինչեւ այս պահը, թե ե՞րբ կդադարեցվի, բնականաբար, մենք չէ, որ կորոշենք։ Հիմնականում, ինչպես եւ քաղաքում կարեւոր շենքերի պահպանումը, համակարգում է ռազմական ոստիկանությունը։ Թե ի՞նչ ուժերի հետ է ինքը նախընտրում դա անել, արդեն մենք չենք որոշում։

– Հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո մեր գործընկերներից շատերին են կանչել ռազմական դատախազություն։ Ըստ մեր ունեցած ինֆորմացիայի, ձեզ եւս կանչել են։

– Ասեմ, որ դեպքից հաշված ժամեր անց, երբ պատանդները դահլիճում էին, մենք զրուցել ենք 6-րդ վարչության աշխատակիցների հետ, իրենք են եկել հեռուստատեսություն եւ հետաքրքրվում էին՝ նրանք հեռուստատեսության հետ ի՞նչ առնչություններ ունեն, հավատարմագիր կարո՞ղ էին ունենալ, թե՞ ոչ։ Ես ասացի, որ նրանք չէին կարո՞ղ ունենալ ՀԱՀ-ի՝ ԱԺ մուտք գործելու հավատարմագրեր։ Հետո ավելի հստակեցվեց, որ քննությունը վարում է զինվորական դատախազությունը, այդ ամենը փոխանցվեց նրանց։ Մեզ մոտ եկել են զինվորական դատախազությունից, ձեւակերպվել է այն տեսաերիզի առգրավումը, որը պատկերում է «Հարցեր կառավարությանը» բաժնի տեսագրությունը։ Ուղղակի տեղում զրուցել ենք, ձեւակերպվել է առգրավումը եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ես պետք է գնամ զինվորական դատախազություն, պատասխանեմ նրանց հետաքրքրող բոլոր հարցերին։ Ուղղակի իմ աշխատանքի բնույթը հաշվի առնելով, իրենք համաձայնության են եկել ընտրել այն պահը, որը հարմար կլինի իմ՝ հեռուստատեսությունից բացակայելու համար։

– Ուզում եք ասել, թե դուք դեռ չե՞ք գնացել դատախազություն։

– Չէ, բառացիորեն այսօր- վաղը այդ հանդիպումը կկայանա։

– Նախորդ օրը «Ար» հեռուստաընկերությունը ցուցադրեց հարցազրույց Նաիրի Հունանյանի հոր հետ։ Այդ հարցազրույցում շոշափվում էր նաեւ ձեր անունը, մասնավորապես, երբ ասվում էր, թե «տղաները սպասում էին Տիգրանին, որ միասին գնան կաթողիկոսական ընտրություններին»։

– Այդ մասին իմացել եմ նախքան ձեր նշած հարցազրույցը, որովհետեւ դեպքից մի երկու ժամ անց փոխպայմանավորվածությամբ մեր աշխատակից Տիգրան Նազարյանին տարան դահլիճ, որ որպես ճանաչող հետները խոսի, փորձի լիցքաթափել։ Այնտեղ խոսելիս, նրանք արդեն Տիգրանին ասել էին, որ «տանը ասել ենք՝ գնում ենք, որ Տիգրանի հետ գնանք կաթողիկոսական ընտրությունների»։

– «Հայլուրի» այդ օրվա թողարկումներում ասվում էր, որ պաշտոնական տեղեկություն է հաղորդվում։ Մասնավոր հեռուստաընկերություններն ավելի շատ ինֆորմացիա էին հաղորդում, քան ազգայինը։

– Այս օրերին հաճախ ենք նման հարցերին պատասխաններ տալիս, անընդհատ չի եղել այն, ինչ-որ ասում եք։ Առաջին թողարկումը եւ երկրորդը եղան շատ ընդգրկուն տեղեկությամբ, դրանից հետո եղավ մի պահ, երբ անընդհատ շեշտում էինք, որ «Հայլուրը» պաշտոնական տեղեկություն է հաղորդում, հասկացնելու համար մեր հեռուստադիտողներին, որ այս պահին նպատակահարմար է գտնված ասել ձեզ այնքան, որքան ասվում է: Կրկնում եմ, այդ պահից սկսած պարզ դարձավ, որ ինչ-որ եղել է ԱԺ-ում, չի ավարտվել, եւ կան 40-ից ավելի պատանդներ: Մնացածը երկրորդական պլան մղվեց, մեզ համար կարեւոր դարձավ այդ մարդկանց կյանքին որեւէ կերպ չվնասելը։ Ըստ էության, հեռուստատեսությունը հայտնվել էր կիզակետում։ Ահաբեկիչների գլխավոր պայմանն ուղիղ հեռուստաեթերն էր։ Կարծում եմ, ոչ մեկի մոտ կասկած չկա, որ առաջինը Ազգային հեռուստատեսությունն էր իմանում, թե ինչ է կատարվում ԱԺ-ում, եւ այն, ինչ որ մենք չէինք ասում եթերում, ընդամենն ուղղված էր նրան, որ հանկարծ չգրգռեինք ահաբեկիչներին, ակամա հանկարծ նրանց որեւէ պահանջ կատարած չլինեինք, որ նրանք լրացուցիչ, այլ, ավելի բարդ խնդիրներ չդնեին նախագահի առաջ:

– Ամբողջական տեսաերիզում երեւո՞ւմ է, թե ով է կրակել Կարեն Դեմիրճյանին, եւ այլ մանրամասներ։

– Ես կարծում եմ, այն տեսաերիզը, որը գտնվում է զինվորական դատախազությունում, շատ հարցերի, այդ թվում՝ նաեւ ձեր տված, մի քանի հարցերի պատասխանում է։

Հարցազրույցը վարեց Մարգարիտ ԵՍԱՅԱՆԸ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/1999/11/03/1022990/?fbclid=IwAR3O8Vp1yo4VfP_JluR0f2G7WEGAGESiwdaaiMEL6-0KD-xXENAmi_NtSWw

 

(Visited 121 times, 1 visits today)