«Վահեին համոզեցի». Արմինե Ճաղարյանը՝ Հորդանանում օծվելու եւ առաջիկա հարսանիքի մասին

Ռադիոհաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը եւ ընտրյալը՝ շոումեն, սցենարիստ Վահե Խաչատրյանը, նոր են վերադարձել հանգստից, որի ընթացքում օծվել են Հորդանան գետում: Վերադարձից հետո Արմինեն ընտանեկան միջավայրում հասցրել է նշել իր 30-ամյակը: «Ցանկանում էինք ամռանն ինչ-որ տեղ գնալ, բայց անցումային շրջանում ենք Վահեի հետ. նախաամուսնական դժվար գործընթաց է:

Այդ ամենի միջով անցածները գիտեն, որ խնդիրներ, լարվածություն, ծախսեր, պլանավորված գործեր շատ կան,  նաեւ աշխատանքային շատ թեժ ընթացք ենք ունեցել, եւ շատ դժվար էր հանգիստը կազմակերպել, կարող եմ ասել՝ արդեն հրաժարվել էինք Հայաստանից դուրս հանգստի մտքից, հատկապես, որ շատ տեղեր դեռ սահմանափակումներ կան՝ համավարակով պայմանավորված: Սակայն, շատ հանկարծակի մեր գործընկերոջից Հորդանան գնալու առաջարկ եղավ, ասաց, որ իր հետ վերցնում է նաեւ տեսախցիկ: Ես այդ պահին զգացողություն ունեցա, որ առաջարկը պատահականություն չէ, եւ  Վահեին համոզեցի. մենք համաձայնեցինք գնալ»,- նշել է Արմինեն:
Ճամփորդության ամբողջ ընթացքը նկարահանվել է, 8 օրվա հանգիստը կարելի է համարել նաեւ մի քիչ աշխատանքային է եղել: Արմինեն ասաց, որ սպասվում է շատ գունավոր ու հետաքրքիր նոր նախագիծ այնտեղի նկարահանումներից: Հորդանանը նրանց իսկապես հիացրել է, վերադարձել են հնարավորինս դրական տպավորություններով:

«Զարմանալի երկիր է: Երեւի եթե առանձին նստես ու որոշես, թե ուր ես գնալու, չես ընտրի Հորդանանը, բայց այնտեղ լինելուն պես փոխվում են մտքերդ: Շատ հնություններ կան, մշակութային եւ պատմական հատվածը շատ է, կա նաեւ հոգեւոր պահը՝  Հորդանան գետում օծվելու արարողությունը, ինչն իրականում շատ հուզիչ էր: Այդ պահին զգացողություններդ այն է, որ զուտ ջուր է, որի մեջ մտնում ես, բայց հետո մտածում ես ու վերապրում արդեն հոգեւոր հատվածը: Շատ կարեւոր էր, որ երկուսով միասին էինք, շատ դրական ապրումներ ունեցանք: Արեւելյան մշակույթը շատ եմ սիրում, եւ Հորդանանն իր խոհանոցով եւ մթնոլորտով, պատմամշակութային վայրերով՝ Պետրան, Ջարաշը, շատ այլ իրականություն է: Ես նաեւ շատ եմ սիրում հենց այդ այլ իրականությունը, որը քեզ կտրում է քո առօրյայից, այն ամեն ինչից, որ դու ամեն օր տեսնում ես, եվրոպական մշակույթից, որը մասնակի նաեւ մեր երկրում ենք արդեն տեսնում: Հորդանանը նաեւ իր բազմազանությամբ էր առանձնանում: Անբացատրելի տպավորված ենք Վադի Ռամ կոչվող կարմիր անապատից, որը ամբողջությամբ ուրիշ մոլորակ է, այնտեղ դու ես, կարմիրն ու լռությունը: Ես սիրում եմ այդպիսի զգացողություններ»,-պատմել է նա: Վերադարձից հետո Արմինեն նեղ ընտանեկան միջավայրում նշել է 30-ամյակը: Ինչպես նշել է՝ որպես 30-ամյա մարդ, ով աշխատում է, ունի պարտավորություններ եւ զբաղվածություն, տարեդարձի օրն աշխատանքային ծանրաբեռնվածություն է ունեցել եւ միայն մեկ օր անց է կարողացել հավաքույթ կազմակերպել.

«Ներկա էին իմ ու Վահեի ծնողները, մեր ամենամտերիմ ընկերներն ու հարազատները: Հանդարտ, սիրուն ու իրար լսելու երեկո էր: Վերջին երկու տարին շատ խառը ժամանակահատված էր, ու այդ օրը բոլոր բաց թողնված հանդիպումների լրացման օրն էր. երկար զրուցեցինք առանձին ամենքի հետ ու տարբեր թեմաների շուրջ: Շատ հաճելի երեկո էր»: Արմինեն եւ Վահեն նախատեսում են աշնանն ամուսնանալ հարսանիքով: Հարսի սպիտակ ու գեղեցիկ զգեստի ընտրության փուլում է ապագա հարսնացուն, ինչպես նաեւ նրանք դեռ կառուցում են իրենց տունը, որտեղ ամուսնությունից հետո կտեղափոխվեն:

«Ամեն ինչ կախված է մեր տնից, որը մենք զրոյից ենք միասին կառուցում: Հուսով եմ՝ սեպտեմբերին կավարտենք ու հարսանիք կանենք: Այն, որ մեր ընկերներն ու հարազատները մեր հետ ուրախանալու են, փաստ է, բայց ինչ տեսակի հարսանեկան արարողություն կլինի՝ ավանդական, թե ավելի կրեատիվ, ժամանակը ցույց կտա: Մենք անգամ մեր «Զիջե՞լ, թե՞ վիճել» հաղորդման ժամանակ մի օր քննարկել ենք ավանդական հարսանիքի թեման: Վահեն պնդում էր, որ բացառվում է ամբողջապես ավանդական հարսանիքը, իսկ ես առաջարկում էի, որ այդ ավանդականն էլ կարելի է գեղեցիկ մատուցմամբ կազմակերպել:  Ժամանակը ցույց կտա, թե ինչպիսին կլինի մեր հարսանիքը»,- եզրափակել է Արմինեն:

(Visited 20 times, 1 visits today)