«Սկսել եմ սառնարանի դուռն ավելի հաճախ բացել». Մերի Մովսեսյան

«Պատվից առավել» սերիալի դերասանուհի Մերի Մովսեսյանը երկու նոր ֆոտոշարք ունի, որոնք էլ տրամադրել է BRAVO.am-ին եւ պատմել, որ մեկն իրականացրել են տեսազանգի միջոցով:

«Ֆոտոշարքն իսկապես արել ենք առցանց: Լուսանկարիչ Ռաֆայել Ադամյանն առաջարկեց, ես էլ, վստահելով իր ճաշակին, համաձայնեցի: Տեսազանգի ժամանակ նա ասում էր՝ ինչ անեմ, լույսն էի փորձում ճիշտ զգալ: Նախկինում դա լուսանկարչի խնդիրն էր, այնպես որ, ինձ համար էլ հետաքրքիր էր: Այսպիսի նկարահանումներն այժմ մեծ տարածում ունեն արտասահմանում, իսկ Հայաստանում մենք առաջինն ենք: Կարծում եմ՝ հետաքրքիր եւ ինքնատիպ ֆոտոշարք է ատացվել»,-նշել է Մերին:

Մինչ երկրում կսահմանվեր արտակարգ դրություն, Մերին հասցրել է դիմակով լուսանկարվել քաղաքում.«Կրկին Ռաֆի հետ ենք աշխատել: Այս օրերին միայն կարճ ժամանակով եմ դուրս գալիս՝ շանս տան հարեւանությամբ ման տալու համար»:Հեռավար ուսուցումից չի դժգոհում.«Բեմական խոսք, դերասանի վարպետություն եւ տեսական մի շարք դասեր ենք անում: Ծիծաղելի է, բայց անգամ վոկալն ենք առցանց պարապում: Այնպես որ, տանն էլ պարտաճանաչ սովորում եմ, որպեսզի գերազանցությանս վրա այս շրջանը շատ չազդի: Բացի դասերից, արտասահմանյան սերիալներ եւ ֆիլմեր եմ շատ դիտում: Կինոման եմ, իսկ ուսման ընթացքում չէի հասցնում դիտել այն, ինչ ուզում եմ: Ամեն օր պարտաճանաչ գոնե 40 րոպե հատկացնում եմ ֆիզիկական վարժություններին: Առանց այդ էլ, տանը մնալով, սկսել եմ սառնարանի դուռն ավելի հաճախ բացել, գիրանալ չեմ ուզում»:Այժմ որեւէ սերիալում չի նկարահանվում, ասում է՝ որոշ ժամանակ առաջ ստացել է առաջարկ, բայց մերժել է.«Վերջին նախագծից հետո ուզում էի հանգստանալ: Շատ բարդ էր համատեղել նկարահանումները դասերի եւ փորձերի հետ: Գերհոգնել էի, այդ պատճառով անգամ անքնություն էր սկսվել, իսկ իմ հագեցած գրաֆիկին դա շատ էր խանգարում:Այժմ ներգրավված եմ Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրվող ներկայացումներից մեկում. թեեւ դերս էպիզոդիկ է, բայց կարծում եմ՝ թատրոնում գործունեություն ծավալելու վատ սկիզբ չէ:Ներկայացման պրեմիերան մարտին պետք է տեղի ունենար, բայց հետաձգվեց հասկանալի պատճառներով»:

Նա նաեւ նշել է, որ մայրը շատ ուրախ է՝ իրեն տանը տեսնելով.«Առաջ գրեթե չէի լինում տանը, ինձ հաճախ կատակով ասում էր՝ բոշա, անգամ հեռախոսահամարս էր այդպես գրանցել: Այժմ անվանում է տան աղջիկ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ռաֆայել Ադամյանի

(Visited 18 times, 1 visits today)