Սերգեյ Լավրովի հայաստանյան այցն ընդհանուր առմամբ կարելի է հաջողված համարել.Արման Բաբաջանյան

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում չափազանց ուշագրավ և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով խիստ կարևոր հայտարարություն է արել:

Մասնավորապես, անդրադառնալով Արցախը բանակցային սեղան վերադարձնելու վերաբերյալ հարցին՝ Լավրովը հայտարարել է. «Ես ևս մեկ անգամ նշեմ, որ բանակցությունների մասնակիցների կազմը պետք է համաձայնեցնեն կողմերը։ Բանակցությունների նախնական փուլում, երբ նոր էին դադարեցվել ռազմական գործողությունները, ԼՂ-ն մասնակից էր բանակցություններին։

Ինչ-որ փուլում ՀՀ նախագահներից մեկը որոշում ընդունեց, որ ԼՂ շահերը կներկայացնի Երևանը…
Մենք, որպես համանախագահներ, կարող ենք միայն հավելել, որ գործընթացն ընթացել է ընդհանուր համաձայնությամբ: Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, նրա բնակչության անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն: Հայաստանն ուղղակի չի ստորագրի: Սրանից ենք ելնում… Ուզում եմ նշել, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ նա կրկին ընդգծեց, որ ցանկացած որոշում պետք է ներկայացնի և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի ժողովուրդների հետաքրքրությունները։ Սրա հետ դժվար է վիճել»։

Այսպիսով, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի մակարդակով ըստ էության առաջին անգամ նախ՝ արձանագրվում է, որ Ղարաբաղը մաս է կազմել բանակցային գործընթացին: Դա գործնականում նշանակում է Ռուսաստանի կողմից Արցախի սուբյեկտայնության ճանաչում: Սերգեյ Լավրովը միաժամանակ խիստ դիվանագիտորեն՝ առանց անուններ տալու, հիշեցրել է, որ Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս է մղվել Հայաստանի նախկին նախագահներից մեկի օրոք: Խոսքը, բնականաբար, Ռոբերտ Քոչարյանի մասին է, ով այսօր իր ողջ ֆինանսական, տեղեկատվական-մանիպուլյատիվ ռեսուրսը ծախսում է իրենից ազգային ու «Ղարաբաղի մասին մտածողի» կերպար կերտելու, մյուս կողմից՝ Ռուսաստանին իր ծառայություններն առաջարկելու վրա: Այդ իմաստով Լավրովի հայտարարության տողատակը նաև ներքաղաքական ուղերձ է պարունակում և նշանակում է, որ պատկերավոր ասած՝ Ռուսաստանը հրաժարվում է Քոչարյանի ծառայություններից: Այդուհանդերձ, Լավրովի երևանյան հայտարարությունները չափազանց կարևոր են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի առումով, և մեր դիվանագիտությունն ամեն ինչ պետք է անի այդ հայտարարությունները կապիտալիզացնելու և առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի անդամների համար միասնական արձանագրում դարձնելու ուղղությամբ:

Իսկ Սերգեյ Լավրովի հայաստանյան այցն ընդհանուր առմամբ կարելի է հաջողված համարել հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդեցության տեսանկյունից: Համենայնդեպս, հնչած հրապարակային հայտարարությունները ամբողջությամբ հօդս ցնդեցրին հայ-ռուսական հարաբերությունների վտանգվածության, կործանման եզրին գտնվելու մասին գնահատականները, որոնք հնչում էին ու են հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչների ու նրանց մերձ շրջանակների կողմից:

Երևանում Լավրովի հնչեցրած բոլոր հայտարարությունները վկայում էին, որ Ռուսաստանը Հայաստանի հետ աշխատում է միանգամայն բնականոն ռեժիմում, և որ եթե անգամ նախկինում եղել են տարաձայնություններ, դրանք այլևս հաղթահարվել են

(Visited 15 times, 1 visits today)