Սա հանցագործություն է հայ ժողովրդի և պետականության դեմ․ Դավիթ Հարությունյանը՝ հանրաքվեի մասին (տեսանյութ)

«Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ այս հարցը ոչ թե հակասահմանադրական է, այլ բովանդակային առումով ընդունելի չէ, նրանք պետք է ստեղծեն «ոչ»-ի ճամբար»,- նշեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեին։

«Ես համարում եմ, որ սա հանցագործություն է հայ ժողովրդի և պետականության դեմ, և չեմ ուզում մասնակցել այդ հանցագործությանը»,-ասում է Հարությունյանը։

Ըստ նրա՝ հանրաքվեի անցկացումն անթույլատրելի է և հակասահմանդրական, ուստի ինքը չի պատրաստվում մասնակցել որևէ քարոզչության։

Դավիթ Հարությունյանն ընդգծում է՝ այս որոշումը հակասահմանադրական է ոչ միայն այն պատճառով, որ չկա Սահմանադրական դատարանի որոշումը, այլև այն պատճառով, որ այս նախագիծը չի համարվում ԱԺ-ի կողմից չընդունված։

«Երբ մենք խոսում ենք՝ որ նախագիծն է, որ համարվում է ԱԺ-ի կողմից չընդունված,  պետք է բացենք ԱԺ կանոնակարգ օրենքը, իսկ ԱԺ կանոնակարգ օրենքը հստակ նշել է հինգ փուլ, որ պետք է անցնի չընդունված նախագիծը»։

Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտրությանն այն առումով, որ նա չի նշանակվել փոփոխությամբ, Հարությունյանն ասում է․

«Այստեղ ակնհայտ իրավիճակի նենգափոխման փորձ է։ Խնդիրը վերաբերում է ՍԴ-ի գործող անդամի պաշտոնավարման ժամկետի լրանալուն։ Երբ ՍԴ անդամի պաշտոնավարման ժամկետը լրացավ, պետք է առաջանար թափուր տեղ, սակայն ՍԴ մասին օրենքը ենթադրում էր, որ եթե այդ մարդը գործով զեկուցող է, ապա նրա պաշտոնավարումը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ ՍԴ-ն չի ավարտել այդ հարցի լսումները։ Կիմ Բալայանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր շատ ավելի վաղ, քան այն ժամանակաշրջանը, երբ ՍԴ անդամ ընտրվեց Հրայր Թովմասյանը, և եթե ավելի վաղ ավարտվեր, ապա մենք այդ ժամանակ կընտրեինք ՍԴ նոր անդամ։ Գագիկ Հարությունյանի պաշտոնից հրաժարվելը պայմանավորված էր մեկ հանգամանքով, որ նա հավակնում էր ԲԴԽ-ի նախագահ դառնալուն և դրա համար է հրաժարվել ՍԴ նախագահի պաշտոնից։ Այստեղ բարդ կոմբինացիա չի եղել»։

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե այս ՍԴ-ն ձևավորվել է նախկին իշխանությունների կողմից և ծառայում է նրանց, Հարությունյանն ասաց․

«Վարչապետի մոտ շատ վտանգավոր տենդենց է նկատվում, որ եթե որևէ մեկը իր հետ համաձայն չէ, ապա դա հակաժողովրդավարական է, ես կարծում եմ՝ չի կարելի վարչապետ և ժողովրդավարություն բառերի միջև դնել հավասարության նշան, և չի կարելի ասել, որ եթե որևէ մեկը չի կիսում վարչապետի կարծիքը, համաձայն չէ այս հանրաքվեին, անգամ «ոչ» է քարոզում կամ առաջարկում է բոյկոտել, նրանք բոլորը հակաժողովրդավարական ուժեր են»,- նշեց նա։

(Visited 38 times, 1 visits today)