Ուզում եմ ներողություն խնդրել մեր ժողովրդից․ Ալեն Սիմոնյան

Փաստ է, որ մամուլն այսօր ազատ է, քան երբևէ, այնքան ազատ է, որ անցնում է թույլատրելիության սահմանները` սկսած անձնական վիրավորանքներից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ նախագահի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Դատավորների նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին հարցին անդրադառնալով՝ Ալեն Սիմոնյանը նշեց. «Դատական համակարգը Հայաստանում «մաքրվելու» է։ Լինելու է ազատ դատական համակարգ, որի որոշումներով միշտ չէ, որ իշխանությունը բավարարված է լինելու, բայց դա լինելու է անկախ դատական համակարգ»։

Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ԱԺ-ում իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների գործունեությանը, նախկինում ունեցած ծեծկռտուքներին և փոխադարձ վիրավորանքներին, ասաց․

«Ուզում եմ ներողություն խնդրել մեր ժողովրդից, որ ականատես եղան նման դեպքերի։ Այն ամբողջ փողոցային լարվածությունը, որ կար, եկավ լցվեց 100 հոգանոց դահլիճի մեջ։ Ես համարում եմ, որ, այնուամենայնիվ, մենք հաջողել ենք և կարողացանք պառլամենտը պահել պառլամենտի պես։ Հաշվի առնենք՝ որտեղից որտեղ ենք հասել` պատգամավորների տներ գնալ, իմ տան մոտ դե ժապավեն կախել, ահաբեկել, սպառնալ և այլն։ Ես հպարտանում եմ մեր ժողովրդի գիտակցությամբ, որ այդ կրիտիկական պահին չանցան կարմիր գծերը»։

Հարցին` արդյո՞ք որպես նախագահի լիազորություններն իրականացնող անձ, չպետք է քաղաքական չեզոքություն պահպանի, Սիմոնյանը պատասխանեց.

«Այդ օրենքը, որ գրել են, չեն պատկերացրել, որ նման բան տեղի կունենա։

Ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ եմ, հիմա իմ քաղաքական գնահատականներն եմ տալիս և օրենքը դա ինձ չի արգելում, ես ընտրված նախագահ չեմ, կընտրեն նախագահ և նա կգա ու կզբաղեցնի իր չեզոք դիրքը»։

(Visited 63 times, 1 visits today)