Ո՞ւմ հետ է տոնելու Ամանորը Լիլի Հովերը եւ ինչպիսի նվերներ է սիրում ստանալ

Լիլի, ինչպե՞ս եք նշելու այս տարի Ամանորը:
Ամանորը շատ սիրելի տոն է: Այն շատ ընտանեկան, գունեղ և բարի տոն է ինձ համար: Նշելու եմ սիրելիներիս հետ` ընտանիքիս և ընտրյալիս:
Նախորդից այն ինչո՞վ է տարբերվելու:
Խորհրդանշական՝ 2020 թվերով, որից ունեմ մեծ սպասումներ: Սիրում եմ կրկնվող տառերն ու թվերը. դրանք ինքնին յուրահատուկ են:
Հատուկ կերակրատեսակ, խմիչք կա՞, կամ ավանդույթ, որին հետեւում եք: 
Որքան շատ են Ամանորին գույները, այնքան ավելի հաճելի է: Այս տարի փորձել ենք տոնական սեղանին ավելի շատ գույներ ավելացնել: Հատուկ ավանդույթ չկա, նախապայմանն ուրախ տոնելն է:
Հիշարժան ուրախ Ամանորը Ձեր կյանքում: 
Հատուկ տարի չկա, բոլորն էլ սիրում եմ: Հավատում եմ այն մտքին, որ ինչպես տոնես, այնպես էլ կշարունակվի տարին:
Միշտ զարմանում եմ, որ, պայմանավորված նկարահանումներով, մինչև Տարեմուտի գիշերը մի քանի անգամ ստիպած եմ Ամանորը տոնել հեռուստատեսային տաղավարներում, բայց, միևնույն է, չեմ հոգնում և սիրով սպասում եմ կախարդական այդ գիշերվան:
Երբեւէ եղե՞լ է, որ Ձեր մտերիմիների  համար Ձյունանուշիկի կերպարով հանդես եկած լինեք:
Չի եղել, բայց հանդես եմ եկել որպես Ձյունանուշիկի ընկերուհի և զանգահարել հերոսուհուն` զարմիկներիս նվերների տեսակը ճշտելու համար (ժպտում է- հեղ.):
Ինչպիսի՞ն է Ձյունանուշն առանց Ձմեռ պապի:  
Կիսատ՝ իհարկե: Ամեն Ձյունանուշ պետք է իր Ձմեռ պապն ունենա (ժպտում է- հեղ.):
Ամանորյա նվերները Դո՞ւք եք ընտրում,  թե՞ վստահում եք ուրիշին: 
Ես եմ ընտրում հարազատներիս համար: Հատուկ մեկ օր եմ տրամադրում և ավարտին հասցնում այդ կարևոր գործը:
Ձեր մասնակցությունը՝ ամանորյա սեղանի պատրաստմանը կամ ամանորյա գնումներին:
Ցավոք, չկա իմ մասնակցությունը՝ ժամանակի սղության պատճառով: Երբ իմ տան անդամները պատրաստվում են Ամանորին, ես այդ ժամանակահատվածում նկարահանվում են տոնական ծրագրերում կամ, պարզապես, լինում եմ ամենօրյա եթերներիս: Այդ իմաստով տանն արտոնյալ եմ (ժպտում է- հեղ.):
Ինչպիսի՞ նվերներ եք սիրում ստանալ եւ տալ Ձեր հարազատներին:
Նվերներ, որոնք կլինեն սիրելի, պետքական և անպայման որոշակի գեղագիտություն պարունակող: Օրինակ, կաթսա չեմ նվիրի, ոչ էլ` կցանկանամ ստանալ: Փոխարենն  օծանելիքը շատ տեղին է (ժպտում է- հեղ.):
Ինչքա՞ն գումար եք ծախսում Ամանորին:
Երբեք չեմ հաշվել, դրա պատճառով էլ երբեք գումարը չի բավականացնում: Հավանաբար, այս տարի պետք է ավելի հետևողական լինել այդ հարցում:
Ձեր մանկության Նոր տարին եւ այսօրվանը շա՞տ է տարբերվում, այն ժամանակ էր տպավորիչ, թե  հիմա, ի՞նչն է ավելի կամ պակաս:
Ինչ երազում էի մանկության ցուրտ և մութ Ամանորներին, հիմա իրականություն է: Հավանաբար՝ «լույսի կարոտ» մեր մանկության փոխհատուցումն են այս տարիները: Ծնողներս ամեն ինչ անում էին, որ չզգայինք այդ «անճրագ տառապանք»-ը, բայց հիմա անգամ տագնապ զգացի համեմատության պահին: Այլևս երբեք չենք կարող նույնն ապրել:
(Visited 77 times, 1 visits today)