Մհեր Գրիգորյանին հանձնարարված է զբաղվել դեպի Ղազախստան տրանսպորտային միջոցների տեղափոխման հարցի կարգավորման ուղղությամբ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԵԱՏՄ նիստին ՀՀ կառավարությունը բարձրաձայնել է Հայաստանից դեպի Ղազախստանի Հանրապետության տարածք տրանսպորտային միջոցների տեղափոխման հետ կապված հարցերը: Ինչպես հայտնի է, ավելի քան երկու շաբաթ է, ինչ ավտոմեքենաների հնարավոր գնորդները՝ ղազախները, ավտոշուկա ոտք չեն դրել: Ղազախական կողմը լուրջ խնդիրներ է ստեղծել ավտոմեքենաներ վաճառող հայաստանցիների համար:

Պարզվում է, որ հայերն իրավունք չունեին Ղազախստանին մեքենաներ վաճառելու ԵՏՄ մուտք գործելուց հետո՝ անցումային ժամանակահատվածում, դրանք պետք է օգտագործվեին միայն Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս խնդրով զբաղվում է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նշենք, որ նա այս օրերին աշխատանքային այցով Ղազախստանում է եւ մասնակցում է ԵՏՄ նիստին: Փոխվարչապետը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ բարձրաձայնելու է այս խնդիրը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հեռախոսազրույց ունեցավ եւ հետաքրքրվեց՝ ՀՀ կառավարությունը ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտապանելու համար ԵՏՄ նիստին բարձրացրել է արդյոք այս հարցը:

Մեր հարցին ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ կայացել է երկկողմանի խորհրդատվություն՝ Հայաստանից դեպի Ղազախստանի Հանրապետության տարածք տրանսպորտային միջոցների տեղափոխման հարցի կարգավորման ուղղությամբ: Դատելով իրավիճակից՝ կարելի է ենթադրել, որ ղազախական կողմը բավականին մարտական է այս հարցում տրամադրված: Հուսանք՝ հայկական կողմին կհաջողվի փոքր-ինչ մեղմել ղազախական կողմի կոշտ դիրքորոշումը»:

(Visited 17 times, 1 visits today)