«Մի բան էլ ասեմ, որի մասին ոչ մեկ չգիտի». Արթուր Մեսչյան

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը «Ազատություն ռ/կ» եթերում անդրադարձել է որպես արաբ ներդրողներ ներկայացած անձանց հետ Երևանի քաղաքապետարանում կայացած հանդիպմանը: Նա նախ նկատել է, որ երբ հանրային լայն շրջանակներում խոսում են որևէ թեմայի մասին, և մի կողմը բերում է բոլորովին այլ փաստեր, ստացվում է՝ նա արդարանում է, այնինչ դա այդպես չէ: «Հիվանդանոցի մասին խոսք ես չեմ լսել: Նրանք խոսում էին քաղաքի կենտրոնում շատ մեծ հյուրանոցի մասին: Մենք նախ հաշվարկեցինք, որ դրա համար շատ մեծ չափերի ավտոկայանատեղի է պետք: Ասացինք՝ տղերք, մենք նման տարածք չունենք կենտրոնում, միգուցե մասնավորից կարողանաք գնեք: Ասում են՝ բարեգործական հիվանդանոց են ուզեցել կառուցել: Այսինքն մենք հիվանդ ե՞նք, որ նման հիվանդանոցի կառուցմանը խոչընդոտենք»:

Անդրադառնալով արաբ գործարար ներկայացողների ոչ արարողակարգային պահվածքին, Մեսչյանն ասաց. «Եթե ես և Հայկ Մարությանը մեզ այդպես պահեինք Սաուդիան Արաբիայում, քաղաքապետարանից դուրս գալիս գուցե մեր վիզը կտրեին»:

Նա նաև պատմեց մի դրվագի մասին, որի մասին նախկինում երբեք չի խոսել. «Մի բան էլ ասեմ, որի մասին ոչ մեկ չգիտի: Երբ նրանք դրսում էին, ես մոտեցա, ասացի՝ տղերք՝ դուք ձեզ էդքան էլ ճիշտ չպահեցիք: Դա չի նշանակում, որ դուք պիտի նեղացած գնաք, բայց բաներ կան էս կյանքում, որ պետք է նուրբ լինել»:

(Visited 46 times, 1 visits today)