Միհրան Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման համար

Image result for միհրան պողոսյան

Միհրան Պողոսյանը ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված, իր կողմից փաստացի կառավարվող մի շարք ընկերությունների գործունեության, ինչպես նաև «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության և դրա հետ փոխկապակցված այլ կազմակերպությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հետևանքով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 1.190.000 ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը թաքցնելու, խեղաթյուրելու և այդ գումարն օրինականացնելու նպատակով այն ձևակերպել է իբրև փոխառություն, փոխանցել «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին և օգտագործել ընկերության ընթացիկ գործունեության, այդ թվում՝ վարկային պարտավորությունները մարելու համար:

Մասնավորապես, Մ. Պողոսյանի և «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության միջև 11.05.2015թ.-ին կնքված ձևական պայմանագրի համաձայն՝ Մ. Պողոսյանը ֆինանսական ժամանակավոր օգնություն տրամադրելու անվան տակ 500.000 ԱՄՆ դոլարի չափով անտոկոս փոխառությամբ դրամական միջոցներ է տրամադրել «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերությանը, որից հետո` 2015թ.-ի մայիսի 11-ին և 26-ին, հիշյալ գումարից համապատասխանաբար 96.000.000 ՀՀ դրամին համարժեք 200.000 ԱՄՆ դոլարը և 143.700.000 ՀՀ դրամին համարժեք 300.000 ԱՄՆ դոլարը փոխանցել է փաստացի իրեն պատկանող «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին:

Բացի այդ, Մ. Պողոսյանի կողմից փաստացի կառավարվող, Պանամայի Հանրապետության օֆշորային գոտում գրանցված ընկերության և «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության միջև 23.05.2015թ.-ին կնքված անտոկոս փոխառության պայմանագրի հիման վրա Մ. Պողոսյանի կողմից լիազորված անձը 329.130.000 ՀՀ դրամին համարժեք 690.000 ԱՄՆ դոլար է փոխանցել «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին:

Վերոհիշյալ գործողություններով Մ. Պողոսյանը թաքցրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանն իր մասնակցության արդյունքում ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 568.830.000 ՀՀ դրամին համարժեք 1.190.000 ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը` այդպիսով օրինականացնելով այն:

Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` ենթադրաբար կատարված հանցագործություններն ամբողջ ծավալով բացահայտելու և մասնակիցների ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

(Visited 141 times, 1 visits today)