Մենք՝ կառավարությունով, կարողացանք հասնել նրան, որ եթե ուզում ենք ունենալ պրոֆեսիոնալ անձնակազմ պետք է լավ վարձատրենք. ՊԵԿ նախագահ

Պարգեւավճարներ ստացել են բոլորը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես եղավ, որ 2018-ին պարգեւավճարների թիվը կազմում էր 5 մլրդ դրամ, եւ հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացավ, իսկ 2019-ին այդ թիվն ավելի է մեծացել՝ կազմելով 5.8 մլրդ դրամ, սակայն քննարկումները պակասել են։

«Մենք հանրության հետ երկխոսելու եւ հանրությանը որոշակի մտքեր ասելու անհրաժեշտություն ունեինք։ Հանրության մոտ որոշ դեպքերում բարձր եկամուտ ունեցողի նկատմամբ կա որոշակի վերապահում. դա լավ ճանապարհ չի եւ լավ տեղ չի տանում։ Մենք՝ կառավարությունով, կարողացանք հասնել նրան, որ եթե ուզում ենք ունենալ պրոֆեսիոնալ անձնակազմ, գոնե այդ անձնակազմի եւ ոչ մասնավոր հատվածի միեւնույն մասնագիտության մեջ որոշակի ֆինանսական մրցակցություն պետք է կարողանանք ապահովել»,- ասաց Անանյանը։

Անանյանն ասաց, որ խնդիր է դրվել որոշակի արժանապատիվ վաստակի չափ ապահովել աշխատակիցներին, որպեսզի արտահոսք չլինի. «2019 թվականի ընթացքում ՊԵԿ-ից 967 հոգի ազատվել է աշխատանքից. մի մասը՝ սեփական դիմումի համաձայն, մի մասը՝ կրճատումների արդյունքում։ Հետ ենք ընդունել շուրջ 600 աշխատակից, բայց նաեւ կարողացել ենք սերնդափոխություն անել։ Դրա հետ մեկտեղ, ցավոք, ունենք այնպիսի անձինք, որոնք դիմում են ներկայացրել եւ գնացել են մասնավոր հատված»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Նրա խոսքով՝ հանրության շրջանում այդպիսի ընդգծված սուր քննադատական խոսք չկա զուտ այն պատճառով, որ հանրությունը մի փոքր հասկացել է կառավարությանը։

(Visited 9 times, 1 visits today)