Մամ, «ամենավատ բանը» քեզ մերժել չկարողանալն է. օրեր շարունակ շրջափակման մեջ Հենրիկն ու ընկերները միայն նուռ են կերել

 

«Մամ, աշխարհում «ամենավատ բանը» գիտես՝ ո՞րն է, որ մայրիկիդ շատ ես սիրում, ու նրան չես կարողանում մերժել». 44-օրյա պատերազմում զոհված 19-ամյա Հենրիկ Էլոյանի մայրը տղայի խոսքերն անընդհատ է հիշում: Մայրը վերջին անգամ որդու հետ խոսել էր 2020-ի հոկտեմբերի 28-ին, և դրանից հետո նրա հետ կապվել չի հաջողվել:

Հենրիկը ծնվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, բանակ զորակոչվել 2019 թվականի հուլիսի 2-ին: Ծառայությունից ընդհանրապես չի դժգոհել: Ընտանիքին միշտ ոգեշնչել ու հավատացրել է՝ ամեն ինչ լավ է. 2 տարի կծառայի ու կվերադառնա տուն:

«Շատ հանգիստ բնավորություն ուներ, համբերատար էր: Ամեն ինչ անում էր, որ ինձ չնեղացնի, միշտ լավ զգամ: Ծառայության մեջ էր ու հորաքրոջից նեղացել էր: Զանգեցի, ասացի՝ Հեն, հորաքրոջդ աղջկա նշանդրեքն է, զանգիր, շնորհավորիր, ասաց՝ չէ: Հետո իմացա, որ զանգել էր, շնորհավորել: Ինձ հետ խոսելիս մի անգամ ասաց՝ քեզ երբեք չեմ ուզում նեղացնել, մա՜մ ջան»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է որդեկորույս մայրը՝ Համեստ Էլոյանը:

Հենրիկը ծառայության է անցել Ջաբրայիլում (Ջրական): 44-օրյա պատերազմի ժամանակ սկզբում հենց Ջաբրայիլում էլ պայքար է մղել. «Պատերազմի առաջին օրը տալս զանգահարեց, ասաց՝ Համեստ, պատերա՛զմ է, մեր տղաները…. ու չկարողացավ լացը զսպել: Միանգամից զանգահարեցի Հենրիկին, պատասխան չկար: Հետո իր հրամանատարներից մեկի հետ կապ հաստատեցի, ասաց՝ Հենոն կա, ամեն ինչ կարգին է նրա հետ»,- վերհիշում է տիկին Համեստը:

 

Մի քանի օր հետո արդեն Հենրիկն ինքն է զանգել ծնողներին, գոտեպնդել ու ուժ է տվել՝ կռվում են՝ առանց նահանջի մասին մտածելու: Ջաբրայիլում 19-ամյա տղան կռվել է մինչև հոկտեմբերի 2-ը, որից հետո երեք օր եղել է շրջափակման մեջ: Հոկտեմբերի 7-ին վիրավորվել ու տեղափոխվել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի հոսպիտալ: Վերքը եղել է ողնաշարի հատվածում, ու Հենրիկին 1 շաբաթով մայրական խնամք են նշանակել:

Հետո ասել են՝ նրան հետ կբերեք Սիսիանի հոսպիտալ՝ ստուգումների, որպեսզի հասկանանք՝ վիրահատելու կարիք կա՞, թե՞ ոչ:

«Բժիշկն ասաց, որ Հենրիկին հետ չեն կարող տանել, բայց ինքը տրամադրված էր, որ հետ գնա, ընկերների մոտ լինի: Մի շաբաթվա ընթացքում էլ անընդհատ հոսպիտալներ էր գնում, ընկերներին էր փնտրում: Հոկտեմբերի 24-ին տարանք Սիսիան, ասացին, որ Երևանում հոկտեմբերի 28-ին կվիրահատեն»,- պատմում է մայրը:

Սակայն Հենրիկն այդպես էլ տուն չի դարձել. հոկտեմբերի 25-ի առավոտյան նրան նորից Արցախ են տարել, ասել է՝ որտեղ ընկերներս, այնտեղ էլ՝ ես: Լիովին չապաքինված՝ գնացել է Շուշիի: Այնտեղ երկու օր մնալուց հետո տեղափոխվել է Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի հատված:

 

 

«Չէր ուզում հեռախոսով խոսելու ժամանակ շատ բաներ ասել ու երբեմն հանելուկներով էր խոսում: Հորը հարցրել էր՝ ո՞րն է իր սիրելի երգը, ասել էր՝ «չենք տա Շուշին մենք ուրիշին»: Էդտեղից հասկացանք, որ Շուշիում է, հետո հրամանատարներից իմացանք, որ տեղափոխել են Կարմիր Շուկա: Հոկտեմբերի 28-ին խոսում էինք, շատ ուրախ էր ու մեզ ոգեշնչում էր, քրոջն ասաց՝ «հարսանիքդ Բաքվում ենք անելու»: Ժամեր անց այն մեքենան, որով նրան տեղափոխել էին Կարմիր Շուկա, պայթել էր…»,- վերապրում է որդեկորույս մայրը:

Նոյեմբերի 1-ի առավոտյան տիկին Համեստը եկեղեցի է գնացել, Տիրոջը խնդրել, որ որդու մասին ցանկացած լուր լսի: Հենց այդ օրն էլ հրամանատարներից մեկից իմացել են, որ Հենրիկը զոհվել է: Ծնողները որդու մասին հստակ տեղեկություն իմանալու համար դիմել են նաև ՀՀ պաշտպանության նախարարություն, որտեղից էլ հաստատել են, որ նոյեմբերի 22-ին Հենրիկի մարմինը գտել են Կարմիր Շուկայի տարածքից: Դեկտեմբերի 31-ին ԴՆԹ-ի պատասխանով ճանաչել են նրան:

Հենրիկ Էլոյանի մարմինն ամփոփել են «Եռաբլուր»-ում: Մայրը նկատում է՝ որդին հավերժ 19 տարեկան է: Նրա մասին հիշողությունները հարազատները միշտ վառ կպահեն, անգամ՝ նռան պատմությունը, որը Հենրիկի սիրած միրգն էր, սակայն պատերազմի օրերին դարձել է չսիրելին. օրեր շարունակ շրջափակման մեջ մնալու ժամանակ Հենրիկն ու զինակից ընկերները միայն նուռ են կերել…

(Visited 23 times, 1 visits today)