Հրկիզել են քննչական վարչությունում աշխատող ավագ քննիչի մեքենան

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 01։00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք դեռևս չպարզված դրդապատճառներով և հանգամանքներով, դիտավորութամբ հրկիզել են Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 22Բ շենքի բակում կայանված Հայկ Ե-ին պատկանող Volkswagen Golf մակնիշի 34 ZC 503 համարանիշի ավտոմեքենան, ինչպես նաև նշված շենքից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող Մարգարյան 8 շենքի բակում կայանված Մհեր Ե-ի կողմից վարած Hyundai Sonata մակնիշի 77 NՍ 772 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են ավտոմեքենաներում բռնկված հրդեհը։

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, պարզվում է նաև վնասի չափը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai Sonata-ի վարորդ Մհեր Ե-ն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ, ով ոչ միայն քննչական ապարատում, այլ նաև փաստաբանների կողմից համարվում է իր գործի նվիրյալ, պրոֆեսիոնալ քննիչ և որ, ամենակարևորն է, օժտված է մարդկային հատկանիշներով, ու մարդիկ զարմացել են, թե ով կամ ովքեր են այդ ճիվաղները, ովքեր նման ստոր քայլի են դիմել։

 

(Visited 6 times, 1 visits today)