Հրատապ. Ձերբակալվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է խիստ անհեթեթ կասկածանքով: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ ձերբակալման մասին որոշումը բողոքարկվել է, սակայն չմանրամասնեց, թե ինչ քրեական գործի շրջանակներում է ձերբակալվել: Հովիկ Սուքիասյանի փոխանցմամբ` Առուստամյանը կասկածանքի շուրջ ցուցմունք է տվել և չի ընդունել այն։

Հարցին, թե արդյո՞ք այդ գործի շրջանակներում Սեդրակ Առուստամյանը նախկինում հրավիրվել է հարցաքննության, փաստաբանը տեղեկացրեց, որ 8 ամիս առաջ հարցաքննվել է և ցուցմունք է տվել: Փորձեցինք նաև պարզել, թե արդյո՞ք համապատասխանում է իրականությանն այն տեղեկատվությունը, որ Սեդրակ Առուստամյանից փորձել են ցուցմունք կորզել նախկին իշխանությունների, մասնավորապես՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ, սական փաստաբանը չմեկնաբանեց այդ տեղեկատվությունը:

Նշենք, որ Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործերից մեկի շրջանակներում: Ապրիլի 23-ի երեկոյան նրան հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության: Սուքիասյանը նշեց, որ Սեդրակ Առուստամյանին հարցաքննության էին հրավիրել վկայի կարգավիճակով:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկատվության՝ Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործով: Ըստ մամուլում շրջանառվող տեղոկատվության՝ վարույթն իրականացնող մարմինը Սեդրակ Առուստամյանին հրավիրել է հարցաքննության՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ ցուցմունք կորզելու նպատակով։

ԱԱԾ-ում է քննվում քրեական գործը, որի շրջանակներում կալանավորվել է Գագիկ Խաչատրյանը:

(Visited 71 times, 1 visits today)