Հրահանգված է արհեստական խուճապ հրահրել

 

Հիմա կարծես թե հանձնարարված է հանրության մեջ խուճապ ու իշխանությունների եւ պետական կառույցների նկատմամբ անվստահություն առաջացնել: Մի քանի օր առաջ, օրինակ, բոլոր այդ քարոզչամիջոցները մեծ ոգեւորությամբ մի տեսանյութ հրապարակեցին, որտեղ ադրբեջանցի լրտեսներն իբր անարգել շրջում են Երեւանում ու ծաղրում Հայաստանի հատուկ ծառայություններին: Ֆեյսբուքյան վարձու «քոմենթչիներն» էլ մի քանի օր շարունակ ցեխն էին կոխում իշխանություններին… Ընդամենը մի քանի օր անց պարզվեց, որ տեսանյութը կեղծ էր: Եվ ի՞նչ, որեւէ մեկը ներողություն խնդրե՞ց այդ խայտառակ քարոզչական տեռորի համար: Իհարկե ոչ: Նրանց այդպիսի պատվեր չէին տվել: Փոխարենը նոր թեմա գտան՝ կորոնավիրուսը: Ու քանի որ պատվերը հստակ էր՝ խուճապ առաջացնել, մի-մի սմարթֆոն առած լցվեցին սուպերմարկետներն ու սկսեցին դատարկ վաճառասեղաններ փնտրել ու նկարել (ցանկացած սուպերմարկետում էլ ժամանակ առ ժամանակ ապրանքները վերադասավորում են, ու այդպիսի կադրեր գտնելը բարդ չէ): Ու՝ ահավոր աղմուկ-աղաղակ, թե փախեք-փրկվեք, գլխներիդ ճարը տեսեք, ո՞ւր են նայում ապաշնորհ իշխանությունները, եւ այլն: Իրականում մտնում ես ցանկացած խանութ՝ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խուճապ չկա, հետեւում ես նախկինների քարոզչամիջոցների հիստերիային՝ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում աշխարհի վերջն է: Հասկանալի է, չէ՞, որ դիտմամբ են անում՝ արհեստական խուճապ ստեղծելու նպատակով: Ոչ թե հավելյալ դիտումներ ապահովելու համար, այլ որովհետեւ հանձնարարությունն է այդպիսին:

Բայց սրանք երբեմն էլ սեփական նախաձեռնությամբ են հանդես գալիս, ու «անհարմար բան է ստացվում»: Օրինակ՝ այս օրերին մի քանի այդպիսի քարոզչամիջոցներ շրջանառության մեջ են դրել այն թեզը, թե իշխանությունները մտադիր են հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում եւս մի քանի հնչեղ ձերբակալություններ իրականացնել, իսկ քարոզարշավի «պսակը» կդառնա Սերժ Սարգսյանի կալանավորումը: Այս «գաղափարը» շրջանառության մեջ դնողները երեւի չեն էլ հասկացել, թե իրականում իրենց համար ցավալի ինչ իրողություն են բացահայտում: Այսինքն՝ ստացվում է, որ հանրաքվեում «այոն» ապահովելու (ժողովրդի մեծ մասի համակրանքը շահելու) համար իշխանությունները մտադիր են կալանավորել Սերժ Սարգսյանին: Այսինքն՝ իրենք էլ են ընդունում, որ Սերժ Սարգսյանին ճաղավանդակների ետեւում տեսնելը ժողովրդի մեծամասնության համար դրական լուր է: Սա, կրկնում ենք, հենց նրան սատարող լրատվամիջոցներն են անուղղակիորեն ընդունում: Ու հարց է ծագում՝ լավ, այդ ինչպե՞ս են սրանք տասը-քսան տարի երկիր ղեկավարել, որ հիմա իշխանությունների համար «ժողովրդի համակրանքը շահելու» ամենահուսալի քայլը սրանց կալանավորելն է: Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, որ 2005-ի կամ 2015-ի հանրաքվեներից առաջ իշխանությունները որպես քարոզչական քայլ կալանավորեին ընդդիմության առաջնորդներին: Հասկանալի է, չէ՞, որ դա հակառակ էֆեկտը կունենար:

(Visited 32 times, 1 visits today)