Հունանյանը հաստատում է՝ Բելառուսի դեսպանն այսօր եղել է ՀՀ ԱԳՆ-ում. Մանրամասներ

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հաստատում է այն տեղեկությունը, որ Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը այսօր՝ փետրվարի 8-ին, եղել է Հայաստանի արտգործնախարարությունում:

ԱԳՆ մամուլի խոսնակն այս տեղեկությունը հայտնեց «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ զերծ մնալով հավելյալ մեկնաբանություններից:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակում տված հարցազրույցի ընթացքում խոսել էր Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մասին և այդ համատեքստում ոչ կոռեկտ արտահայտություններ էր թույլ տվել Հայաստանի հասցեին:

«Բելառուսն արդեն այնտեղ է։

Կարծում եմ, Ղազախստանի համար լավ դաս էր:

Եթե ասում եք ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք:

Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի… այդ հզորության միավորման ավարտից հետո, կամ միավորման ընթացքում… իրենք որտե՞ղ են հայտնվելու:

Հայաստանը փախչելու տեղ չունի… ի՞նչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են… իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է», – ասել էր Բելառուսի նախագահը:

ԶԼՄ-ների հարցին ի պատասխան անդրադառնալով Լուկաշենկոյի այդ հայտարարությանը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը շեշտել էր, որ Բելառուսի նախագահի այդ խոսքերը որևէ առնչություն չունեն Հայաստանի հետ:

«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ», – նշել էր ԱԳՆ մամուլի խոսնակը:

(Visited 31 times, 1 visits today)