Հինգ ոլորտների աշխատողներ կստանան միանվագ աջակցություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացնում՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառման վերաբերյալ։

Որոշումը վերաբերում է կորոնավիրուսի տարածման պատճառով ամենից շատ տուժած ոլորտների աշխատակիցներին և անհատ ձեռնարկատերերին:

Այսպիսով, կորոնավիրուսի տարածման պատճառով ամենից շատ տուժած ոլորտներ են համարվում՝

-Հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,

-Հանրային սննդի ծառայություններ,

-Զբոսաշրջային ծառայություններ,

-Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,

-Մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն:

Նշենք նաև, որ տուժած չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակներում վաճառվում է նաև սննդամթերք, ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ կամ դեղորայք՝ անկախ դրանց քանակից:

Եթե տնտեսվարողը կամ անհատ ձեռնարկատերը գործունեություն է ծավալում վերոնշյալ ցուցակում առանձնացված մի քանի ոլորտներում, ապա այդ գործատուների աշխատակիցների աջակցության չափն ու կարգը կորոշվի ՀՀ կառավարության առանձին որոշմամբ:

Աջակցությունը նախատեսված է վարձու աշխատողների համար, ոչ թե գործատուների:

Աջակցություն կարող են ստանալ այն քաղաքացիները, ովքեր 2020 թ.-ի մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում եղել են տուժած ոլորտի վարձու աշխատող:

Եթե 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցել է նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի 50 %-ի չափ: Այդ գումարը չի կարող լինել ամսական  նվազագույն աշխատավարձից՝ 68.000 դրամից պակաս և չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից ավելի:

Եթե 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը ավելի քիչ է, քան նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի չափ:

Աջակցությունը կկազմի ԱՁ-ի՝ 2019 թ.-ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափ, բայց այդ գումարը չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից ավելի:

Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այիսնքն՝ մեկ անգամ:

Եթե քաղաքացին աշխատում է համատեղության կարգով, ապա այս դեպքերում հիմք է ընդունվելու քաղաքացու բոլոր գործատուների կողմից 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսներին ներկայացված եկամուտների հանրագումարը, իսկ աջակցության չափը հաշվարկվելու է Հարցուպատասխանի 7-րդ կետով սահմանված կարգով:

Աջակցություն ստանալու համար պետք է դիմել www.online.ssa.am կայքի միջոցով դիմում ներկայացնելով:

Այս միջոցառման շրջանակում աջակցություն ստացողների անձնական տվյալները հրապարակվելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում:

Այս միջոցառման շրջանակում աջակցության տրամադրման կարգը կհաստատվի 2020 թ.-ի ապրիլի 9-ին, ինչից հետո կհայտարարվի դիմելու ընթացակարգը:

(Visited 72 times, 1 visits today)