Հայաստան են տեղափոխել 18 տարի առաջ Երևանում հրազենի գործադրմամբ ոսկերչին և Վանո Սիրադեղյանի ոստիկան ազգականին սպանողին

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, թե որտեղ է գտնվում 2001 թվականի հոկտեմբերի 7-ից հետախուզման մեջ գտնվող Արմավիրի մարզի բնակիչ՝ 48-ամյա Գեղամ Մաչանյանը։

Ոստիկանները, համոզված լինելով, որ օպերատիվ տվյալները հավաստի են, կապի մեջ են մտնում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության իրենց գործընկերների հետ, ու ՀՀ ոստիկանապետ Վ. Օսիպյանի հրամանով քրեական հետախուզության գլխավոր վարչության մի քանի աշխատակիցներ գործուղվում են Ռուսաստանի Դաշնություն։

Դեպքը տեղի է ունեցել 2001 թվականի հոկտեմբերի 7-ին։ Այդ օրը, ժամը 09։30-ի սահմաններում թիվ 75 երթուղու ցուցանակով «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել են կանգառում կանգնած Անդրանիկ Քալաշյանին, և վերջինս, առանց որևէ բան կասկածելու, նստել է երթուղային տաքսին։ Ավտոմեքենայի շարժվելուց մի քանի րոպե հետո Գ. Մաչանյանը և նրա հանցակից ընկեր Աշոտ Զատիկյանը ավտոմեքենայի մեջ հարձակվում են Ա. Քալաշյանի վրա, վերջինիս առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ծեծելով և հրազենների, ատրճանակների գործադրմամբ սպառնալիքի տակ հափշտակում են նրա մոտ եղած ոսկյա զարդերով պայուսակը։ Արցախի պողոտայում ծառայություն կատարելիս են լինում այն ժամանակվա Երևանի ներքին գործերի վարչության պետավտոտեսչության աշխատակիցներ Արմեն Բարսեղյանը և Գուրգեն Գեջագյոզյանը, ովքեր նկատում են, որ ավտոմեքենայում քաշքշուկ է տեղի ունենում և վերջիններս փորձում են կանգնեցնել «Ռաֆ» ավտոմեքենան։

Արցախի պողոտայի 59 շենքի դիմաց իրենց ամրակցված Hyundai մակնիշի ծառայողական ավտոմեքենայով վազանց կատարելով՝ փակում են ճանապարհը և ստիպողաբար կանգնեցնում են ավտոմքենան։ Այդ ժամանակ մոտենում են նրանց՝ վարորդից փաստաթղթեր պահանջելու, որի ժամանակ Ա. Քալաշյանը, տեսնելով, որ ավտոմեքենայից իջել են նաև իրեն ծեծի ենթարկողները, օգտվելով ստեղծված իրավիճակից՝ ինքն էլ է իջնում ավտոմեքենայից և փորձում է հանցագործներից հետ վերցնել իրենից հափշտակված ոսկյա զարդերով պայուսակը։ Ստեղծվում է քաշքշուկ և այդ ընթացքում Ա. Զատիկյանն ու Գ. Մաչանյանը ապօրինաբար ձեռք բերված և իրենց կողմից կրվող հրազեն հանդիսացող ատրճանակներից կրակոցներ են արձակում, ինչի հետևանքով սպանվում է Ա. Քալաշյանը և պետավտոտեսուչ Ա. Բարսեղյանը։ Այնուհետև հափշտակված ոսկյա զարդերով դիմում են փախուստի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործության փաստով այն ժամանակ ՀՀ ներքին գործերի նախարարության Էրեբունու ներքին գործերի բաժնում հարուցվում է քրեական գործ և Երևան քաղաքի դատախազության քննիչ Վ. Մուրադյանի որոշմամբ Գ. Մաչանյանի նկատմամբ հայտարարվում է հետախուզում։

Սպանված պետավտոտեսուչը այն ժամանակվա ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի աղջկա ամուսնու եղբայրն էր։

(Visited 502 times, 1 visits today)