Հայաստանը նոր հարկատեսակ է կիրառելու՝ Գուգլի հարկ, որը կբերի նոր թանկացումների

Հայաստանում ապրելն օր-օրի թանկանում է: Կառավարությունն էլ քաղաքացիներից փող պոկելու նորանոր ձեւեր է գտնում: Ձեւերից մեկն էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպություններին ԱԱՀ-ով հարկելն է: էլեկտրոնային ծառայություններ են համարվում տեղեկատվական եւ հեռահաղորդակցական ցանցի միջոցով մատուցվող ծառայությունները, այդ թվում՝ համացանցով, իսկ նման ծառայություններ մատուցողներ կարելի է համարել, օրինակ, Ֆեյսբուքը, Յութուբը, «Օդնոկլասնիկի» ցանցը, «Zoom» էլեկտրոնային հարթակը, ֆիլմեր դիտելու վճարովի կայքերը, վճարովի էլեկտրոնային գրադարանները՝ բոլոր այն արտասահմանյան ընկերությունները, որոնք ՀՀ տարածքում գործում են առցանց եղանակով:

Այսօր նրանց կողմից մատուցվող ծառայությունները, նաեւ այդտեղ տեղադրված գովազդը, չեն հարկվում: Նոր կարգավորմամբ, որը մշակել է ՊԵԿ-ը, իսկ ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ, ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք մատուցում են նմանատիպ ծառայություններ, վճարելու են ավելացված արժեքի հարկ, այսինքն՝ իրենց ծառայությունների արժեքի 20 տոկոսը:

Նախագիծն ուղեկցող հիմնավորումներում նշվում է, որ հարկման առաջարկվող մեխանիզմը քաղաքացիներին չի վերաբերելու: Սակայն դժվար չէ կռահել, որ, ի վերջո, ցանկացած ԱԱՀ-ի վերջնական վճարողը սպառողն է: Օրինակ, երբ մենք բջջային կապի համար վճարում ենք օպերատորներին, որոնք ԱԱՀ վճարողներ են, նրանք այդ ԱԱՀ-ն արդեն հաշվարկված ունեն իրենց սակագներում: Ստացվեց, որ ԱԱՀ-ն քաղաքացիներն են վճարում: Հնարավոր է, որ այս կարգավորմամբ թանկացնեն գովազդի տեղադրման գինը, քանի որ ոչ ռեզիդենտները ստիպված կլինեն ներկայացուցչություն պահել Հայաստանում՝ ԱԱՀ վճարումից խուսափելու համար, հետեւապես, գովազդների ու դրանց գծով եկամուտների հաշվառում պետք է անեն, ինչը կբերի ներկա գների առնվազն 20 տոկոս աճի:

Հնարավո՞ր է, որ ինտերնետի ամսական գները բարձրանան կամ առանձին կայքերի գները, կամ որոշ կայքերի հասանելիությունը ՀՀ-ի համար սահմանափակվի: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ գները, անշուշտ, կբարձրանան 20 տոկոսով:

«Ծառայությունները, իհարկե, կթանկանան, բայց սա ընդունված հարկ է: Այդ հարկն աշխարհում կոչվում է Գուգլի հարկ: Օրինակ, Ֆեյսբուքը տարեկան մի քանի տասնյակ միլիոնի գովազդ է ունենում տարբեր երկրներից, բայց փաստացի նա հարկ է վճարում միայն ԱՄՆ-ին: Ստացվում է, որ դրսի ծառայությունները Հայաստանից «պիլեսոսով» փող են քաշում, որը գնում-կորում է: Այստեղ խնդիրն այլ է՝ մենք ոչ մի լուրջ վիճակագրություն չունենք, թե Հայաստանից ստացվող եկամուտներն այդ կազմակերպությունների եկամուտների որ մասն են կազմում: Ենթադրվում է, որ մի քանի միլիոն Հայաստանից գնում է Ֆեյսբուքին, օրինակ, բայց լավ կլիներ, որ այդ որոշումը հրապարակելուց առաջ կառավարությունը ցույց տար, որ ունի ուսումնասիրություն, որ էսքան գումար դուրս է գնում երկրից»:

Սամվել Մարտիրոսյանը վստահեցնում է, որ խոշոր ոչ ռեզիդենտները, օրինակ, Ֆեյսբուքը, գեղեցիկ ձեւով ենթարկվում են երկրների օրենսդրությանը՝ ուղղակի բարձրացնելով գները տվյալ երկրի համար:

Ըստ ֆինանսների նախարարության նախկին աշխատակից, տնտեսագետ Տիգրան Սաֆարյանի, էլեկտրոնային ծառայություններն ԱԱՀ-ով հարկելիս կարգավորումների անբավարարություն կառաջանա, քանի որ հարկային վարչարարությունը ենթադրում է հարկատուի հաշվառում, օրենսդրության կիրառման նկատմամբ, հարկերի հաշվարկման նկատմամբ հսկողություն, հարկադրանքի միջոցներ, ստուգումներ:

«Ինչպե՞ս է ՀՀ հարկային տեսուչը ստուգելու, ասենք, Յութուբը կամ Ֆեյսբուքը: Կան հարցեր, որ բաց են: Նախ՝ «Գովազդի մասին» օրենքում չկա «Գովազդ էլեկտրոնային կամ ինտերնետ տիրույթում» հոդված, չկա կարգավորումներ առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքներում, այսինքն՝ գրվել ու անցկացվել է դիլետանտ  օրենք: Փաստորեն, այս դիլետանտիզմը ո՛չ էկոնոմիկայի նախարարությունն է նկատել, ո՛չ ֆինանսների, ո՛չ էլ արդարադատության: Նման փնթիությունը բերելու է նրան, որ հետագայում այս օրենքը հանգիստ կարող են այդ ոչ ռեզիդենտ կազմակերպությունները վիճարկել անգամ ՍԴ-ում: Խնդրահարույց է, օրինակ, էլեկտրոնային գրքերից օգտվելու հարկումը: Ի՞նչ վատ է, որ մարդիկ լավ գրքեր են կարողանում կարդալ, այլ լեզուներով ու մասնագիտական: Կարծում եմ, այս բոլոր ծառայությունները կթանկանան, առանձին կայքեր կդառնան վճարովի»,- կանխատեսում է ֆինանսիստը:

(Visited 24 times, 1 visits today)