Համշխարհային շուկայում նավթի հումքով վառելիքի գները իջել են, իսկ Հայաստանում ոչ

Արման Բաբաջանյանը իր ֆեյբուքյան էջում գրել է.

Մարտի 7-ին Սաուդյան Արաբիան զանգվածային զեղչեր է հայտարարել իր կողմից արդյունահանվող նավթի համար: Հայտարարվել է, որ Էր Ռիադը պատրաստ է ապրիլ ամսվա ընթացքում նավթի արդյունահանումը հասցնել մինչև 10 միլիոն բարելի:

Դրանից հետո արդեն մարտի 8-ին ՕՊԵԿ երկրները չեն կարողացել համաձայնության գալ «ՕՊԵԿ+» գործարքի շուրջ. Ռուսաստանը չի սատարել 2020 թվականի երկրորդ եռամսյակում օրական 1,5 միլիոն բարելով նավթի արդյունահանումը կրճատելու առաջարկը: Արդյունքում նավթի գները նվազել են 30%-ով. Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 30%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 32.05 դոլարի, իսկ WTI տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 27%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 30.07 դոլարի:

Այսպիսով, արձանագրվում է նավթի և նավթի հումքով վառելիքի գների հերթական համաշխարհային խոշոր գնանկումը, ինչը պետք է հանգեցնի նաև վառելիքի սպառողական գների նվազման։ Հայաստանում, սակայն, նման բան տեղի չի ունենում։ Հայաստանյան բենզինի և դիզելային վառելիքի շուկան որևէ ազդեցության չի ենթարկվում նավթի համաշխարհային գների փոփոխություններից։ Սա անոմալ երևույթ է ազատ շուկայական տնտեսություն ունեցող երկրի համար։ Այդ անոմալիան, սակայն, ունի իր բացատրությունը։ 2013 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Հայաստանը պարտավորվել է բենզին գնել միայն Ռուսաստանի պետական կորպորացիա հանդիսացող «Ռոսնեֆտ» ընկերությունից:

Հենց այդ ժամանակաշրջանից հայաստանյան վառելիքի շուկան դադարել է որևէ կերպ կրել նավթի համաշխարհային գների ազդեցությունը, քանի որ մեր շուկայում բենզինի ու դիզելային վառելիքի գինը որոշվում է ոչ թե շուկայական մեխանիզմներով, այլ «Ռոսնեֆտ»-ի կողմից, որը Հայաստանին մատակարարվող վառելիքի գները ամրակցել է ռուսական շուկայում դրա գնին, որը գործնականում փոփոխության չի ենթարկվում։ «Ռոսնեֆտ»-ի հետ կնքված համաձայնագիրը Հայաստանի նախորդ իշխանությունների կողմից ի վնաս պետության ու քաղաքացու կնքված խայտառակ գործարքներից մեկն է, որի արդյունքում մեր տնտեսությանը հասցվում է միլիոնավոր դոլարների վնաս, իսկ շարքային սպառողը վառելիքը գնում է համաշխարհայինից բարձր գներով։

Բացի այդ, վառելիքը համակարգաստեղծ ապրանք է, և դրա գինն ազդում է մյուս ապրանքների փոխադրման ծախսերի վրա՝ բարձր պահելով Հայաստանում վաճառվող սպառողական ապրանքների գները։
Հայաստանի նոր իշխանությունները պարտավոր են գտնել համապատասխան իրավական մեխանիզմներ «Ռոսնեֆտ»-ի հետ կնքված այդ խայտառակ համաձայնագիրը վերանայելու և այն կամ չեղարկելու, կամ Հայաստանի շահերին համապատասխանեցնելու համար։ Ժամանակին այդ համաձայնագիրը կնքվել է մի կողմից՝ տուրք տալու համար ռուսական շահերին, մյուս կողմից՝ բավարարելու համար Հայաստանում մենաշնորհային դիրքեր ունեցող վառելիք ներմուծողների շահերը։ Ոչ առաջինը, ոչ երկրորդը կապ չունի Հայաստանի ու ՀՀ քաղաքացու շահի հետ։ Հետևաբար նոր Հայաստանում պետք է գտնվեն օրինական ճանապարհներ անցյալի այս հանցավոր գործարքները չեղարկելու համար։ Մեր տնտեսությունն ամեն օր հսկայական վնասներ է կրում այս հակապետական համաձայնագրի պատճառով։ Հետևաբար իշխանությունները պետք է օր առաջ ձեռնամուխ լինեն «Ռոսնեֆտ»-ի հետ համաձայնագրի վերանայման կենսական խնդրի լուծմանը։

(Visited 15 times, 1 visits today)