Կորոնավիրուսով հիվանդ 6 քաղաքացիների վիճակն առավել բարդ է. ունեն թոքաբորբ եւ ուղեկից հիվանդություններ. նախարար

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ 6 քաղաքացիների վիճակն առավել բարդ է, նրանք ունեն ուղեկից հիվանդություններ եւ թոքաբորբ:

Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ մանրամասնելով բոլոր հիվանդների առողջական վիճակը.

«Ինչպես արդեն գիտեք, Հայաստանում ունենք հաստատված կորոնավիրուսային հիվանդության 190 դեպք, որոնց մեծ մասի առողջական վիճակը բավարար է: Նրանցից միայն 14-ի մոտ կա թոքաբորբ, եւ նրանցից 6-ի մոտ կա այնպիսի վիճակ, որ կարիք ունեն ինտենսիվ թերապիայի: Նրանք գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի ռեանիմացիայում, ստանում են համապատասխան բուժում, թթվածին, սակայն ինկուբացված չեն, այսինքն՝ թոքերի արհեստական շնչառություն նրանց չի արվում: Նրանց վիճակը մի փոքր բարդ է, բայց կայուն է, ծանր չի գնահատվում, իրավիճակը վերահսկվում է:

Ինչպես արդեն հայտնել ենք,այս հիվանդությունը առավել բարդ է ընթանում, երբ կան ուղեկից հիվանդություններ, կամ երբ քաղաքացիները որոշակի տարիքային խմբի մարդիկ են, այս 6 քաղաքացիները հենց ունեն այդպիսի ուղեկցող հիվանդություններ:

Մյուս թոքաբորբով քաղաքացիները ստանում են համապատասխան բուժում, իսկ մյուս բոլոր պացիենտները գտնվում են հսկողության տակ, ստանում են մաքսիմում ջերմիջեցնողներ, այլ միջոցների կարիք չկա:

Շուտով կլրանա մեր որոշ քաղաքացիների բուժման վերջնաժամկետը եւ մենք արդեն՝ կրկնակի հետազուտություններից հետո դուրսգրումներ կունենաք: Կլրանա նաեւ ինքնամեկուսացման մեջ գտնվող որոշ քաղաքացիների ժամկետը, նրանք եւս հետազոտվելուց հետո ազատ կլինեն»:

Հիվանդների այժմյան վիճակի մասին նախարարը հայտնեց այսքանը՝ խոստանալով պարբերաբար տեղեկացնել հիվանդների առողջական վիճակների մասին եւ կոչ անելով կրկին հետեւել պարետատան ցուցումներին, հետեւել հիգիենայի կանոններին, պարետատան ցուցումներին հատուկ կարեւորություն տալ եւ մատների արանքով չնայել, որովհետեւ նմանատիպ իրավիճակ է աշխարհի բազմաթիվ երկրներում:

(Visited 122 times, 1 visits today)