Կորոնավիրուսի տարածվածության դեպքերը աշխարհում և Հայաստանում

COVID-19 կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդության բռնկումը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերի կեսին՝ Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում, այնտեղ գտնվող կենդանիների և ծովամթերքի շուկայի հետ կապված տեղացիների մոտ անհայտ ծագման թոքաբորբի առաջին դեպքերի հայտնաբերմամբ: Հունվարի 22-ից Ուհանում կարանտին է հայտարարվել, ամբողջ հասարակական տրանսպորտը դադարեցվել է, քաղաքի մուտքն ու ելքը փակվել է։ Ընդհանուր առմամբ, Չինաստանի իշխանությունները սահմանափակել են 14 քաղաքներից դուրս գալը։ Վիրուսը գրանցվել է Չինաստանի վարչական կազմավորումների մեծ մասում։ Հունվարի 30-ին ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստում նոր կորոնավիրուսի բռնկումը ճանաչվել է արտակարգ իրավիճակ հանրային առողջապահության ոլորտում, որն ունի միջազգային նշանակություն: Ամբողջ աշխարհում այժմ ընդհանուր դեպքերն անցնում են 89 000-ից, մահացել է ավելի քան 3000-ը։ Այժմ ԵՄ-ում կա ավելի քան 2100 հաստատված դեպքեր՝ 18 անդամ պետություններում, գրանցվել է 39 մահվան դեպք, որում ներառված են նաև դեպքերը Մեծ Բրիտանիայում, Մոնակոյում, Սան Մարինոյում և Շվեյցարիայում: Ֆրանսիան նախօրեի երեկոյան հաստատեց COVID-19 կորոնավիրուսից 3-րդ մահվան դեպքը։ 89-ամյա կինը հիվանդությունից մահացել է Փարիզից մոտ 80 կմ հյուսիս-արևելքում գտնվող Կոմպիգեն քաղաքի հիվանդանոցներից մեկում: Կնոջը հիվանդանոց են ընդունել շնչառական խնդիրներով և կորոնավիրուսի առկայությունը հաստատվել է միայն մահից հետո: Մարտի 2-ին Պորտուգալիան հաստատեց նոր կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը։ Իտալիան մնում է Եվրոպայի ամենատուժած երկիրը, որտեղ գրանցվել է հիվանդության 1689 դեպք և 35 մահվան դեպք։ Ֆրանսիան հաստատում է վարակվածության առնվազն 191 դեպք, իսկ Գերմանիան՝ 158: Իրանում վիրուսից մահացության դեպքերը հասել են 66-ի։ Չինաստանից հետո մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներն են Իրանը, Իտալիան և Հարավային Կորեան: Նշենք, որ Հայաստանում այս պահին պաշտոնապես գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվածության միայն մի դեպք:

(Visited 23 times, 1 visits today)