Խաչատրյանների գործին հետևում է անձամբ Միշուստինը

Մեր տեղեկություններով, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, որն այս օրերին համալրել է կորոնավիրուսով վարակված առաջնորդների շարքերը, ամենօրյա հաշվետվություն է պահանջում եւ ստանում Հայաստանում տիրող իրավիճակի մասին։ Բանն այն է, որ Միշուստինը, որը մոտ 10 տարի ՌԴ հարկային գերատեսչության ղեկավարն է եղել և ընկերական ջերմ հարաբերություններ ունի ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ, խիստ անհանգստացած է իր ընկերոջ ընտանիքի, հատկապես ընկերոջ որդու շուրջ կատարվող իրադարձություններով։

Դեռ մարտի կեսերին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազանգ է եղել Միշուստինի և Փաշինյանի միջև, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև: Հեռախոսազրույցի ժամանակ Միշուստինը ուղիղ տեքստով հետաքրքրվել է Խաչատրյանի ընտանիքի որպիսությամբ, ինչը լարվածություն է առաջացրել Փաշինյանի մոտ։ Ավելի վաղ Ալմաթիում հանդիպման ժամանակ այս թեման ևս օրակարգում է եղել։

Արդեն ապրիլի վերջին Խաչատրյանի որդու հայտարարությունից հետո, որ իրենցից պետական մակարդակով խլում են «Յուքոմը» այլ անձի փոխանցելու համար, «Ռիա Նովոստի» գործակալությունը համակողմանի ու մանրամասն հրապարակում է արել, որն էլ դարձել է Ռուսաստանի «գոսապարատում քննարկվող» թիվ մեկ թեման։ Միշուստինը նեղ շրջանակում հայտնել է, որ տիրապետում է իրավիճակին ու համապատասխան եզրակացություններ կանի։

Մեր տեղեկություններով, «իրավիճակին տիրապետելուն» օգնում է նաև ՌԴ դեսպանությունը Հայաստանում, որն ամենօրյա զեկույցներ է ուղարկում ՌԴ կառավարություն։ Ռուսական աղբյուրները նշում են, որ Միշուստինը Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն խաչատրյանին փոխանցել է. «Сын, смело иди в гору», ինչը բառացիորեն նշանակում է՝ «առաջ գնա` չվախենալով դժվարություններից»։ Սակայն մեզ հայտնի չէ, թե բացի խրախուսելուց եւ դեպքերի ընթացքին հետեւելուց Միշուստինը այլ քայլեր կանի, թե ոչ։

(Visited 14 times, 1 visits today)