Լարված իրավիճակ՝ Գյումրիում. կոլեկտիվը մեղադրում է տնօրենին, նա էլ մարզպետին (լուսանկարներ)

Araratnews.am-ի խմբագրություն էր այսօր զանգահարել Գյումրու հիմնական թիվ 19 դպրոցի մանկավարժական կոլեկտիվը. բողոքում են դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանից: Նրանք չեն ցանկանում աշխատել դպրոցի տնօրենի հետ, քանի որ նրա դեմ կա քրեական գործ, որի պատճառով իրավապահները հետքննչական գործողություններ են արել մանկավարժների հետ, դպրոցի մի քանի աշխատակցի եւս ներգրավել այդ քրեական գործում, մինչդեռ նրանք այդ ամենից անտեղյակ են: «Ստիպել է երեխաների ավել անուններ գրել ցանկում, աշխատանքի կեղծ հաստիքացուցակ է կազմել, մանկապարտեզների դաստիարակներին էլ ստիպել է 1000 դրամի փոխարեն 4000 դրամ հավաքել: Հիմա էլ հրաժարվում է իր արածներից: Դատախազը միջնորդություն էր ներկայացրել կալանավորելու տնօրենին, սակայն դատարանը երեկ մերժել է դատախազի միջնորդությունը»,- վրդովված ասացին կոլեկտիվի անդամները:

Կոլեկտիվն արդեն 2 շաբաթ է՝ գործադուլ է անում: Եթե տնօրենը շարունակի աշխատել, ապա գործադուլը կշարունակվի, աշակերտների կրթությունն էլ կտուժի: «Մեզ համար կարևոր չէ, թե ով կլինի տնօրեն, թեկուզ դրսից, միայն Նարինե Մեսրոպյանը չլինի»,- ասացին մանկավարժները:

բողոք դպրոցբողոք դպրոց2

Կոլեկտիվն այսօր գնացել է մարզպետարան, սակայն հստակ պատասխան չեն ստացել, այդ պատճառով էլ որոշել են դիմել լրատվամիջոցներին:

Նարինե Մեսրոպյանը մեզ ասաց, որ բողոքը, դասադուլն ուղղորդում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, քանի որ ինքը բողոքարկել է մարզպետի՝ իրեն աշխատանքից ազատելու որոշումը եւ դատական 3 ատյաններում հաղթանակ տարել. դատարանները  վերականգնել են Նարինե Մեսրոպյանի աշխատանքի իրավունքը դպրոցի տնօրենի պաշտոնում: «Ես իմ կոլեկտիվի հետ հաճույքով կաշխատեմ: 13 տարի ինձ հետ այդ կոլեկտիվն աշխատել է, ոչ մի խնդիր չի եղել, մեր տուն հյուր են եկել, տոներս շնորհավորել: Չգիտես ինչու՝ այս մեկ շաբաթում խնդիրներ ծագեցին»,- մանրամասնեց դպրոցի տնօրենը:

Տիկին Մեսրոպյանը տեղեկացրեց, որ մինչ դատական պրոցեսն իրեն լուրեր էին հասել, որ 5 օր է աշխատելու դպրոցում, քանի որ «համարձակություն է ունեցել ձերդ գերազանցություն մարզպետի որոշումը բողոքարկել»:

Մարզպետ-դպրոցի ծնողներ հանդիպմանը, Նարինե Մեսրոպյանի տեղեկացմամբ, եղել է հետեւյալ խոսակցությունը. եթե պիտի տնօրենը 5 օր աշխատի, ծնողներն ասել են՝ թող այդ 5 օրն էլ չգա: Մարզպետն էլ ասել է՝ կմտածենք, իրավական լուծում կգտնենք, հարցը կփակենք: «Ինչ իրավունք ունի մարզպետը նման բան ասի: Փոխանակ մտածի սովորողների կրթության իրավունքը չոտնահարվի, հրահրեց՝ գործադուլ լինի: Ավելին, ասել է ուսուցիչներին, եթե Մեսրոպյանը գա դպրոց, 5 օր աշխատի, ձեզ հետ հաշվեհարդար կտեսնի: 2009-2011 թթ-ին ես էլի դպրոցում չեմ աշխատել, այն ժամանակվա մարզպետներն էին խնդիրներ ստեղծում ինձ համար: Երբ 2011-ին հետ գնացի աշխատանքի, ոչ մեկի հետ հաշվեհարդար չտեսա, հիմա էլ չեմ պատրաստվում տեսնել»,- հավաստիացրեց տնօրենը:

Ինչ վերաբերում է իր դեմ հարուցված քրեական գործին, տնօրենն ասաց, որ քննությունը շարունակվում է, իր մեղավորությունը չի հաստատվել:

Մարզպետին խնդրեցինք նաև անդրադառնալ իրեն ուղղված մեղադրանքին, որ դասադուլն ինքն է ուղղորդում: «Ցավում եմ, որ տնօրենը նման կարծիքի է իր իսկ աշխատանքային անձնակազմի մասին։ Առաջարկում եմ նաև իրենց կարծիքը լսեք»,- պատասխանեց մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Սոնա Դավթյան

(Visited 12 times, 1 visits today)