Ինչու է կարճվել Վաչագան Ղազարյանի քրգործը. ՀՔԾ-ն պարզաբանում է

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ  Վաչագան Ղազարյանն ու կինն ամբողջությամբ հատուցել են պետությանը պատճառված վնասը։ Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։

Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին «Հետք»-ը գրել էր, որ Ղազարյանի և կնոջ վերաբերյալ գործը կարճվել է։ ՀՔԾ-ին խնդրել էինք հայտնել, թե ինչու է նման որոշում կայացվել։

«Հատուկ քննչական ծառայությունում Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով և նշանակված համալիր հարկային ստուգումներով հաստատվել է, որ նշված անձինք կազմակերպել են իրենց հետ որևէ կերպ առնչություն ունեցող 7 ՍՊԸ-ների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը, որոնց կատարմանը ներգրավել են տարբեր անձանց: Այսինքն` հիմնավորվել է Վաչագան Ղազարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, իսկ Ռ. Բեգլարյանի կողմից` 38-205-րդ հոդվածի 2-րդ և 205-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցավոր արարքների կատարումը, ինչպես նաև 6 այլ անձանց կողմից նշված հոդվածներով հանցավոր արարքների կատարման հանգամանքը։

Նախաքննության ընթացքում Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը պետական բյուջե են փոխանցել չվճարված հարկերի գումարն ամբողջությամբ` ընդհանուր 2,837 մլրդ ՀՀ դրամ` այդպիսով ամբողջությամբ հատուցելով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը։

Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`  նույն օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները, ինչը օրենքի իմպերատիվ պահանջ է, ուստի օրենքով սահմանված կարգով քննիչի կողմից որոշում է կայացվել  Վ. Ղազարյանին, Ռ. Բեգլարյանին և մյուսներին քրեական պատասխանատվությունից ազատելու և նրանց վերաբերյալ քրեական գործով վարույթը կարճելու մասին»,- ասված է ՀՔԾ-ի պատասխանում։

(Visited 26 times, 1 visits today)