Ի՞նչ է լինելու, եթե աշակերտը հրաժարվի դիմակ կրել, պատի՞ժ է նախատեսված. ԿԳՄՍ փոխնախարարի պարզաբանումը

Դիմակների կրման պահանջն այսօր էլ գործում է եւ դպրոցներում որեւէ հավելյալ կարգավորում չի լինելու. գործընթացը կազմակերպվելու է այնպես, ինչպես ցանկացած այլ վայրում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերահսկվելու դիմակ կրելը, եթե ասենք ծնողն ասի՝ իմ երեխան դիմակ չի կրելու, կամ երեխան հրաժարվի:

«Ինչ վերաբերում է վերահսկողությանը, այդ գործառույթը տրված է տեսչական մարմնին, որը կհետեւի, թե որքանով է գործընթացը պահպանվում. «Առաջին փուլում այցելությունները լինելու են աջակցող բնույթ, խնդիր չկա որեւէ մեկին տուգանելու, պատժելու, եթե խոսքը չի վերաբերում պաշտոնական անձի անգործությանը, անփութությանը: Մենք հասկանում ենք, որ գործ ունենք երեխաների հետ: Խոսքն այն մասին է, որ հենց մենք պետք է երեխաներին բացատրենք կանոնների պահպանման կարեւորությունը, թե ինչպիսի հետեւանքներ կարող են լինել, եթե դրանք չպահենք:Եթե մենք գտնենք բացատրության ձեւը, մեր երեխաներին սովորեցնենք առողջ ապրելակերպի, հանրային ճիշտ վարքագծի կանոնները, ու նրանք կարողանան դրանք կիրառել, արդյունքում ավելի արդյունավետ պայքար կլինի կորոնավիրուսի դեմ, իսկ վաղն ավելի գիտակից քաղաքացի կունենանք, որոնք գուցե նաեւ կանխեն իրավիճակները, որոնց մեջ մենք այսօր ենք հայտնվում հանրային ոչ բավարար պատասխանատու վարքագծի հետեւանքով»:

Աղբյուր՝ https://news.am

(Visited 105 times, 1 visits today)