Թրամփից պահանջել են ներկայացնել իրանցի գեներալի սպանության պատճառները

ԱՄՆ Սենատում Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չաք Շումերը և սենատի՝ արտաքին գործերով հանձնաժողովի փոխնախագահ Բոբ Մենենդեսը կոչ են արել Դոնալդ Թրամփին գաղտնազերծել ռազմական գործողության ամբողջական դրդապատճառը, որի հետեւանքով սպանվել է իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանին։ Այդ մասին հայտնում է CNN-ը:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Ղասեմ Սուլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խոմենեին խոստացել է խստորեն պատասխանել Սուլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելով, որ Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ֊ից։

ՀՀ արտաքին գործերի նախարարություն հայտարարությամբ խորը մտահոգություն է հայտնել Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ՝ նշելով, որ դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: «Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից»,- ավում է  ՀՀ ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

(Visited 70 times, 1 visits today)