Ընդամենը 24 ժամվա ընթացքում ՀՀ-ում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվող ռազմավարական զորավարժությունների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է պահեստազորի զորավարժարան, որտեղ անցկացվում են մարտական պատրաստականության զորավարժություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից:

Դիմելով զորավարժությունների մասնակիցներին՝ վարչապետը նշել է.

Արդեն 4 օր զորավարժությունները տեղի են ունենում և կարող ենք արձանագրել, որ դրանց արդյունքներն ավելի քան գոհացուցիչ են: Ընդամենը 24 ժամվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ, այսինքն մեր Զինված ուժերի թվաքանակը կրկնապատկվել է:

Եվ դա տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ դուք՝ Հայաստանի Հանրապետության պահեստազորում գրանցված քաղաքացիներդ, շատ արագ, պատրաստակամորեն և վճռական արձագանքել եք Հայաստանի Հանրապետության կառավարության կոչին և զինվորագրվել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:

(Visited 8 times, 1 visits today)