«Երեխայի համար ավելի լավ է ունենալ ամուսնալուծված երջանիկ ծնողներ, քան՝ չամուսնալուծված ու դժբախտ». Նարեկ Սարգսյան

Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Ես համոզված եմ, որ մարդիկ ընտանիքներում դժբախտ են ո՛չ թե որովհետև իրար համապատասխան չեն կամ վատ բնավորություն ունեն։ Դժբախտության պատճառները իմ կարծիքով երկուսն են՝ 1. Շրջապատից հուշտ լինելը (Մարդիկ ինչ կմտածեն) և երկրորդ՝ ինքնախաբեությունը։ Թե չէ ո՞նց բացատրել, որ բոլորի մոտ դերասանություն են անում, թե իբր երջանիկ ընտանիքն են, բայց իրենք էլ գիտեն, իրենց ԸՆՏԱՆԻՔ-ից վաղուց մնացել ա Ք տառը։

Կան դեպքեր, երբ էն աստիճանի մեծ սեր ա, որ մարդիկ առանց իրար չեն կարողանում ապրել։ Ունեն նույն հետաքրքրությունները, ամեն օր ուզում են իրար ծոց քնեն, մի տանիքի տակ ապրեն։ Դա իդեալական դեպքն ա։

Բայց մնացած դեպքերն էլ կան չէ՞։ Երբ մարդիկ առանց իրար կարում են, ավելին՝ կամ իրար այլևս չեն սիրում, կամ սիրում են, բայց ոչ առաջվա պես, կամ հոգնել են, կամ հիասթափվել են, կամ փոխվել են, կամ հազար ու մի ուրիշ բան… Էդ դեպքում հարց եմ տալիս խի՞, խի՞ խի՞ եք ձեզ ստիպում ապրել էն տեսակի ընտանիքի մոդելով, որը «ընդունված ա», բայց չի երջանկացնում ձեզ։

Խելացի մարդիկ էդպես չեն վարվում։ Խելացի մարդիկ գիտեն, որ ամուսնությունը՝ իր ամբողջ ռոմանտիկայով հանդերձ պարզ պայմանավորվածություն է, որը իր մեջ ներառում է մի շարք կոնկրետ կետեր 1. Իրար հետ ենք ապրում,

2. Իրար հետ ենք քնում, ուրիշի հետ սեքսը արգելված է,

3. Երեխաներ ենք ունենում,

4. Երեխաների համար հավասար պատասխանատվություն և իրավունքներ ունենք,

5. Հավասար ֆինանսական իրավունքներ ևն, ևն

Երջանիկ լինելու համար անհրաժեշտ է «Ընտանիք»-ը դիտարկել որպես պայմանագիր, և եթե կա կրիզիս, վերանայել այդ պայմանագրի ամեն մի գլուխը առանձին առանձին։

Օրինակ
1. Իրար հետ ապրելը։ Հարց տվեք՝ մենք ուզու՞մ ենք իրար հետ ապրել։ Եթե ոչ, ապա մեր ֆինանսական վիճակը թո՞ւյլ տալի՞ս է ապրել առանձին։ Եթե ոչ՝ ի՞նչ ենք անում այդ ուղղությամբ։ Մենք ուզու՞մ ենք բաժանել մեր ընդհանուր գույքը։ Եթե այո՝ ինչպե՞ս… ևն։ Սրանք բոլորը լեգիտիմ հարցեր են և ամուսինները պիտի նստեն իրար հետ քննարկեն։
2. Մենք ուզու՞մ ենք իրար հետ սեքս ունենալ։ Եթե մենք իրար սեքսուալ առումով այլևս հետաքրքիր չենք՝ մենք համաձա՞յն ենք յուրաքանչյուրս ունենալ սեքսուալ այլ զուգընկերներ։
3. Ինչպե՞ս անել երեխաների շահն առավելագույնը պաշտպանելու համար, որպեսզի նրանք հավասարաչափ ստանան երկու ծնողների խնամքը։ Ինչպե՞ս անել, որ ամուսինների կրիզիսները բացասաբար չազդեն երեխաների հոգեբանության վրա։

Հարցերը և կետերը իրականում շատ ավելի շատ են ու բարդ, բայց եթե դուք էդ բոլոր հարցերը մեկ առ մեկ քննեք, կտեսնեք, որ ձեր եղած բոլոր խնդիրները լուծում ունեն՝ պայմանով, որ դուք զբաղվեք այդ խնդիրների լուծմամբ։

Եթե դուք այլևս իրար հետ յոլլա չեք գնում, ավելի լավ է ապրեք առանձին և հարգեք իրար, քան շունն ու կատվի պես սաղ օրը անպատվեք իրար։ Եթե դուք այլևս իրար հանդեպ չունեք սեռական գրգիռներ, ավելի լավ է ազնվորեն պայմանավորվեք, որ ունենալու եք այլ սեքսուալ պարտնյոր, քան թաքուն-թաքուն սեքսով զբաղվեք կամ մնաք սեռաքաղց։ Եվ վերջապես երեխաների համար ավելի լավ է ունենալ ամուսնալուծված ու ծնողներ, որոնք երջանիկ են, կյանքով լեցուն, ժպերես, քան ամուսնացած, բայց դժբախտ, վախեցած ու մանթրաժ։

(Visited 60 times, 1 visits today)