Ես անձամբ պատրաստ եմ ուղիղ երկխոսություն սկսել ոչ միայն Ադրբեջանի կառավարության, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ.Նիկոլ Փաշինյան

Փարիզի Խաղաղության երկրորդ համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի ադրբեջանցի հարց է ուղղել ԼՂ հակամարտության վերաբերյալ: Բախտիար անունով ադրբեջանցին հետաքրքրվել է՝ ինչպես են համադրվում Փաշինյանի «Արցախը Հայաստանն է» արտահայտությունն ու հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը:

Խոսելով հակամարտության արմատների մասին՝ ՀՀ վարչապետը հիշեցրել է Բաքվի և Սումգայիթի ջարդերի մասին, նշել՝ նույն այդ շրջանում ադրբեջանցիներն ապահով կերպով լքեցին Հայաստանը: Փաշինյանը նշել է, որ ադրբեջանցու արտահայտությունը, թե «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է», իրականությանը չի համապատասխանում:

«Գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբ, որին տրված է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման մանդատը, և ձեր երկիրը մասնակցում է բանակցություններին: Եթե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք է, ապա ինչո՞ւ եք դուք բանակցություններ վարում նրա կարգավիճակը որոշելու համար: Մի՞թե դա տարօրինակ չէ»,- ասել է ՀՀ վարչապետը:

ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Ստեփանակերտում հայտարարել է «Արցախը Հայաստան է», սակայն մեկ տարի է անցել այն հայտարարությունից, որ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի համար:

«Ես ակնկալում եմ գտնել լուծում, որը ընդունելի կլինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես սա ասել եմ Ստեփանակերտում: Ես հենց նոր էլ նշեցի, որ 1 տարի սպասել եմ նմանատիպ հայտարարության Ադրբեջանի կառավարության կողմից: Եվ ես անձամբ հորդորել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևին կատարել նմանատիպ հայտարարություն, որպեսզի մի փոքր, ոչ շատ մեծ դադար տանք բանակցային գործընթացին: Բայց, դժբախտաբար, Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պնդել, որ Զանգեզուրը, Սյունիքի շրջանը Ադրբեջանի մաս է կազմում, Երևանը՝ անկախ Հայաստանի մայրաքաղաքը, ադրբեջանական քաղաք է: Սևանա լիճը, որ Հայաստանում է գտնվում, ադրբեջանական լիճ է: Նրանք շարունակում են օկուպացնել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Սյունիքի շրջանը, ինչպես նաև մայրաքաղաք Երևանը»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հիշեցրել է՝ Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Հայաստանի շրջանները գրավելու մասին: Նա ընդգծել է՝ որևէ մեկը չի կարող Հայաստանի հետ խոսել ուժի դիրքից:

«Ինչո՞ւ ենք մենք այսպիսի հայտարարություն անում, մենք չենք ցանկանում այնպիսի տպավորություն ստեղծել, թե վախեցած ազգ ենք կամ վախեցած ժողովուրդ: Ոչ ոք չի կարող մեզ հետ խոսել ուժի լեզվով: Մեր առաջարկը խաղաղությունն է: Մենք առաջարկել ենք մեր խաղաղության մտադրությունը Ադրբեջանին: Ես անձամբ պատրաստ եմ ուղիղ երկխոսություն սկսել ոչ միայն Ադրբեջանի կառավարության, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ: Կարծում եմ մենք շատ բան ունենք քննարկելու»,- հավելել է վարչապետը:

(Visited 43 times, 1 visits today)