Ենթադրաբար Սայաթ Շիրինյանի «Lexus» մեքենայով գողացված սրճեփն արժե 1 մլն դրամ․ ՔԿ

Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն բնակավայրից գողացված սրճեփ սարքը, որի հիմքով հարուցված քրեական գործով հարցաքննվել է
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ Սայաթ Շիրինյանը, արժի մոտ 1 մլն դրամ։
Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։ Նշենք, որ Սայաթ Շիրինյանի աջակիցները պնդում են, թե Լեքսուս մակնիշի մեքենա վարող մեծահարուստ Շիրինյանին, որն ի դեպ ընդամենը թոշակառու է, վերագրվում է 1500 դրամանոց սրճեփի գողություն։

Սայաթ Շիրինյանի փաստաբան Բենիկ Գալստյանի խոսքով՝ օրերս ոստիկանությունից գրություն էր եկել, որ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ սրճեփ սարքը հնարավոր է գողացվել է Սայաթ Շիրինյանին պատկանող «Lexus» մակնիշի համապատասխան ավտոմեքենայով, այդ իսկ պատճառով են հարցաքննել իր վստահորդին: «Սայաթ Շիրինյանն այս գործով վկայի կարգավիճակ ունի»,- հավելեց փաստաբանը։

Նշենք, որ Սայաթ Շիրինյանը մեկ այլ քրեական գործով ամբաստանյալի կարգավիճակ ունի՝ մեղադրվում է բռնություն գործադրելու հրապարակային կոչ անելու համար։

Փաստաբան Բենիկ Գալստյանը տեղեկացրեց, որ այսօրվա դատական նիստի ժամանակ վերջացրեցին փաստաթղթերի ուսումնասիրումը, իսկ հաջորդ նիստին արդեն կհարցաքննվեն վկաները: «Վկաներից միայն մեկն է ցուցմունք տվել Սայաթ Շիրինյանի դեմ, հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 3-ին, ժամը 14։00-ին»,- հավելեց Բենիկ Գալստյանը։

Հիշեցնենք, որ ՔԿ-ն 2021 թվականի դեկտեմբերի 23-ին հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Շիրինյանը Facebook սոցցանցում առերևույթ բռնության կոչեր պարունակող գրառում է արել՝ ուղղված օգտատեր Սուսաննա Ավշարյանին։ «Սուսաննա Ավշարյան, եթե ես լինեի շարժումն առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի»,- գրել էր Շիրինյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):

Գրառում կատարելու դեպքի առթիվ 2020 թ. դեկտեմբերի 22-ին հարուցվել էր քրեական գործ, և Շիրինյանը ձերբակալվել էր։ Դեկտեմբերի 25-ին դատարանը նրա ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչել, և խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Իսկ վերջերս դատավոր Տաթևիկ Գրիգորյանը վերացրեց Շիրինանի խափանման միջոցը։

Այսօրվա դատական նիստում, անդրադառնալով սրճեփ սարքի գողության գործին, Շիրինյանը դժգոհել է․ «Իրենք հստակ ուզում են մարդկանց վարկաբեկել։ Ուրեմն կա հասարակության փոքրիկ մի բիոզանգված անուղեղեղների, որ իրենց թվում է, թե Շիրինյանը հնարավոր է նաեւ գողություն կատարած լինի։ Ես մաքուր եմ եղել այսքան ժամանակ, ոչ քրեաօլիգարխիկ կապերի մեջ եմ եղել, ոչ կոռուպցիայի մեջ եմ եղել ու այսօր ես սրճեփ եմ գողացել, հա՞, սա ուղղակի ծիծաղելի է, սա խայտառակություն է պարզապես։ Հետագա դատական պրոցեսները ցույց են տալու, որ այսօրվա ուժայինները ՝ ոստիկանություն և այլն, դարձել են այս իշխանությունների բութ գործիքը։ Արժանապատվություն չկա, ինքնասիրություն չկա»։

Նշենք, սակայն, որ մերօրյա Կորեյկոն այդպես էլ չի բացահայտել հանրության համար, թե ինչպե՞ս է կարողացել պետական աշխատավարձով դոլարային միլիոնատեր դառնալ՝ առանց կոռուպցիայի և քրեաօլիգարխիկ կապերի, և նման հարստության պարագայում քանի՞ հոգի կարող է հավատել նախկին գնդապետ-ոստիկանի անբասիր կերպարին։

Ոստիկանության միջին օղակում աշխատած Սայաթ Շիրինյանը, ըստ 2021-ին ԿԸՀ ներկայացրած իր հայտարարագրի, ունի 3 անշարժ գույք Երևանում՝ 2 բնակարան և 1 ավտոտնակ: Որպես շարժական գույք նա հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ 2011 թվականի «Toyota Avensis ZRT271» և 2016 թվականի «Lexus RX 450h»:

Ընդ որում, վերջին 1 տարում Շիրինյանը ընդամենը 1 մլն 716 հազար դրամ կենսաթոշակ է ստացել: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, սակայն, նա ունեցել է 250 մլն դրամ, 150 հազար եվրո և 750 հազար դոլար:

(Visited 35 times, 1 visits today)