Դպրոցները դիմել են նախարարություն՝ դասերը հեռավար կազմակերպելու համար

Համաճարակով պայմանավորված Հայաստանում 108 դպրոց դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը դասընթացները ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար:

«Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան, այս մասին պատասխանել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

«Ամբողջությամբ հեռավար դասընթացի անցնելու համար դիմել է մոտ 48 դպրոց:

Մնացածը դասընթացները հեռավար կանցկացնեն մասնակի: Այսինքն՝ ոչ բոլոր դասարանները հեռավար դասընթաց կունենան:
Դպրոցները դիմել են տարբեր ժամկետներով դասընթացները հեռավար անցկացնելու համար:

Կան դպրոցներ, որ դիմել են երկու շաբաթվա համար, կան դպրոցներ՝ մեկ շաբաթվա կամ մի քանի օրվա:

Հեռավար դասընթացի համար ամենաշատ դպրոցները դիմել են Երևանից:

Կան դպրոցներ նաև մյուս մարզերից Վայոց ձոր, Արմավիր, Շիրակ, Տավուշ և այլն»,-պարզաբանեցին նախարարության հասարակայնության կապերի և տեղեկատվության վարչությունից

Դպրոցներն ամբողջությամբ հեռավար ուսուցման անցնում են, եթե աշխատակազմի ու աշակերտների 10 տոկոսի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Մնացած դեպքերում հեռավար դասընթացի անցնում են մասնակի:

Օրեր առաջ Auroranews-ը տեղեկացել էր, որ Հանրապետության մի շարք դպրոցներ անցել են հեռավար ուսուցման՝ վարակի շղթան կոտրելու նպատակով։

ԿԳՄՍ-ից մեզ տեղեկացրեցին, որ խոսքը 20 դպրոցի մասին է, որոնցից 7-ը մարզային՝ Վանաձորում (2), Նոր Հաճնում, Արմավիրում, Սևանում, Ջերմուկում և Աբովյանում գտնվող,13-ը՝ Երևանում։

(Visited 33 times, 1 visits today)