Գործընթացը հեշտացվել է.Այսուհետ երեխաների ծնունդները կգրանցվեն տեղում

Երևան քաղաքում ամենամեծ թվով ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում երեխաների ծնունդները կգրանցվեն տեղում և կկատարվեն դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է  արդարադատության նախարար Ռուստամ  Բադասյանը:  Ծրագրի առաջին փուլին միացած բժշկական կազմակերպություններն են՝ Էրեբունի բժշկական կենտրոնը (ծննդատուն), Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը ու Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը:

«Նշված բժշկական կազմակերպություններում այդ նպատակով հատուկ հատկացված վայրերում կատարվելու են հետևյալ պետական գրանցումները՝ երեխայի ծննդի պետական գրանցում, երեխայի նկատմամբ հայրության ճանաչման պետական գրանցում, ամուսնության պետական գրանցում: Էրեբունի բժշկական կենտրոնում այս ծրագրի շրջանակում առաջին ծննդյան վկայականն անձամբ հանձնեցի փոքրիկ Մերիի մայրիկին՝ Անիին»,-նշել է Ռուստամ Բադասյանը:

Նախարարի խոսքով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով առողջապահության նախարարության աջակցությամբ մեկնարկած այս ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և փուլ առ փուլ կտարածվի Հանրապետության տարածքում ծննդօգնություն տրամադրող բոլոր բժշկական կազմակերպություններում:

(Visited 14 times, 1 visits today)