Աննա Հակոբյանը հանդիպել է Բրազիլիայի առաջին տիկնոջը (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 6-ին Բրազիլիայի հանրապետության մայրաքաղաքում հյուրընկալվել է երկրի Նախագահական նստավայրում (Palácio da Alvorada) և հանդիպել երկրի առաջին տիկին Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին։

Երկու երկրների առաջնորդների տիկնայք նախ շրջել են Նախագահական պալատում։  Տիկին Բոլսոնարուն Աննա Հակոբյանին պատմել է պալատի կառուցման պատմությունը, ներկայացրել պալատի կտավների և քանդակների հավաքածուն։ Շրջայցից հետ՝ ճաշի սեղանի շուրջ, Աննա Հակոբյանն ու  Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուն խոսել են երկրների ղեկավարների տիկինների դերի և առաքելության մասին, կարևորել համատեղ ծրագրերի իրականացումը։

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին հրավիրել է Հայաստան։ Բրազիլիայի առաջին տիկինը սիրով ընդունել է հրավերը․ նախնական պայմանավորվածությամբ այցը կկայանա այս տարվա հոկտեմբեր ամսին։

Բրազիլիայի առաջին տիկինը բարեգործական ակտիվ գործունեություն է ծավալում։ Նրա գործունեության հիմնական ուղղությունը սահմանափակ կարողություններ ունեցող անձանց, հատկապես՝ խուլ-համրերի, սոցիալական ինտեգրումն է։ Ամուսնու երդմնակալության արարողության ժամանակ առաջին տիկնոջ ավանդական ելույթը եղել է ժեստերի լեզվով։ Նա դարձել է առաջին նախագահի տիկինը, ով նման կերպ է ողջունել երկրի ժողովրդին։

Նա մասնակցել է հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների վերաբերյալ միջազգային տարբեր ֆորումների, միջոցառումների, համաժողովների, այդ թվում՝ ՄԱԿ-ում, Ամերիկայի ընկերներ ՀԿ-ում (Լատինական Ամերիկա) և այլն։

Palácio da Alvorada-ն կամ ‹‹Լուսաբացի պալատը›› կառուցվել է 1958 թվականին Օսկար Նեմեյրայի նախագծով և համարվում է Բրազիլիայի մայրաքաղաքի առաջին շինություններից մեկը։ Կառույցը Բրազիլիայի պատմա-մշակութային ժառանգության ցանկում է և Բրազիլիայի հենց առաջին նախագահի օրվանից հանդիսացել է նախագահական նստավայր։ Կառույցը ունի գրադարան, ավելի քան 3500 կտոր գրքով, ինչպես նաև կտավների և քանդակների մեծ հավաքածու։

(Visited 20 times, 1 visits today)