«Աննա Դանիբեկյանի նկատմամբ հարձակումը պատվիրվա՞ծ էր». Արտակ Գալստյան

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աննա Դանիբեկյանի նկատմամբ հարձակումը պատվիրվա՞ծ էր.

Սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան հետապնդմանը էր ենթարկվել դատավոր Աննա Դանիբեկյանը:
Հետապնդողների թվում են եղել, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը:
Երկուսն էլ մեղադրվել են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ և կալանավորվել:
Սարգիս Օհանջանյանն, օգտվելով մեղադրյալի դատավարական կարգավիճակից, ցուցմունք չի տվել, ոչ գործով և ոչ էլ դատարանում:
Նարեկ Մութաֆյանը գործով ցուցմունք է տվել և հայտնել, որ դատավորին վիրավորելու, ճնշելու կամ որևէ կերպ նրա գործունեությանը միջամտելու նպատակ չի ունեցել:
Այսօր հավաստի աղբյուրից հայտնի դարձավ, որ բացի վերը նշված ցուցմունքից Նարեկ Մութաֆյանը ցուցմունք է տվել նաև դատարանում:
Մասնավորապես՝ վերջինս, պատասխանելով դատավորի հարցին հայտարարել է, որ մինչև իրենց գործողությունը սկսելը խորհրդակցել են իրենց պաշտպանների հետ և վերջիններս իրենց հավաստիացրել են, որ իրենց արարքում հանցակազմ չկա և հանգիստ կարող են գործել:
Եթե այս ամենը ճիշտ է, ապա նախաքննության մարմինը պարտավոր է քննություն տանել այդ ուղղությամբ և քրեական պատասխանատվության ենթարկել նաև այն փաստաբաններին, ովքեր որ ուղղորդել են Աննա Դանիբեկյանի նկատմամբ հարձակումը:
Ըստ նույն աղբյուրի Նարեկ Մութաֆյանը չի հնչեցրել իրենց ուղղորդող փաստաբանների անունները, նրանք իր պաշտպաններն են թե Ռ.Քոչարյանինը նույնպես այս պահին անհայտ է:
Ի դեպ, Աննա Դանիբեկյանին հետապնդելիս Նարեկ Մութաֆյանը կատարում էր նույնաբովանդակ հարցադրումներ, ինչը որ դատարանում կատարեց Ռ.Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Հիշեցնեմ Նարեկ Մութաֆյանի շահերը պաշտպանում է փաստաբան Վահե Եփրիկյանը:
Ռ.Քոչարյանի շահերը ներկայացնում են Ռուբեն Ռշտունին, Հայկ Ալումյանը, Արամ Օրբելյանը, Արամ Վարդևանյանը, Սևակ Թորոսյանը և այլք:
Կարծում եմ, եթե նախաքննության մարմինը դրսևորի ողջամիտ ջանասիրություն, ապա շատ արագ կհայտնաբերի այն փաստաբաններին, ովքեր որ ուղորդել են Նարեկ Մութաֆյանին հետապնդում իրականացնել դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ»:

(Visited 12 times, 1 visits today)