Անդրանիկ Քոչարյանը թույլ չտվեց, որ գեներալ Մարդոյանը պատասխանի ապրիլյան պատերազմի մասին լրագրողների հարցերին

Ազգային ժողովի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով այսօր՝ դեկտեմբերի 19-ին, հրավիրվել էր ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանը։

Նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք ապրիլյան պատերազմի ժամանակ հրետանին որևէ բացթողում ունեցե՞լ է։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, թույլ չտալով, որ Մարդոյանը պատասխանի, միջամտեց՝ նշելով․ «Երբ նայում եք գեներալին, նման գնահատական հնչեցնելու կարիք․․․Բացթողումների և ձեռքբերումների մասին այսօր որևէ մեկն իրավունք չունի ավելորդ բան խոսելու։ Հիմա դուք տալիս եք հարցեր, որոնց պատասխանն իմանալու եք ամիսներ անց։ Այսօր գեներալը, զորացրված լինելով բանակից, կարևորել է հանձնաժողովի աշխատանքները»։

Ալբերտ Մարդոյանի խոսքով՝ հանձնաժողովից իր սպասելիքն այն է, որ վերլուծություններ կկատարվեն, և հաջորդ քայլը կլինի՝ ի նպաստ բանակի հետագա զարգացման։

Լրագրողները հարցին՝ վարչապետը հայտարարում էր, որ ապրիլյան պատերազմում դավադրություն է եղել, նման բան կա՞, Անդրանիկ Քոչարյանը կրկին միջամտեց. «Դուք քաղաքական հարցեր եք տալիս գեներալին։ Ադ հարցերը պետք է տաք մեր վերլուծությունները կարդալուց հետո։ Քաղաքական հարցեր կարող եք տալ»։

(Visited 16 times, 1 visits today)