Ադրբեջանցու սպանության համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանը հետագա պատիժը կկրի հայրենիքում, նա վերադարձվել է ՀՀ. «Փաստինֆո»

ՌԴ-ում հայկական ռեստորաններից մեկում վիճաբանության ժամանակ ադրբեջանցու սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի Արման Առաքելյանը երեկ տեղափոխվել է Հայաստան՝ հետագա պատիժը հայրենիքում կրելու համար: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռուսաստանաբնակ փաստաբան Արթուր Դաշյանը:

Նա արդեն չորս տարի պայքարում է, որ ՌԴ իշխանությունները ՀՀ-ի իրավապահներին փոխանցեն Առաքելյանին՝ հետագա պատիժը հայրենիքում կրելու համար:

Ըստ նրա` ՀՀ արդարադատության նախարարը, կոնվենցիայի համաձայն, կարող է միանձնյա որոշում կայացնել` ընդունելու կամ չընդունելու:

Արման Առաքելյանին ՀՀ տեղափոխելու հարցը բարձրացվել է տարբեր նախարարների պաշտոնավարման ժամանակ, մինչև Ռուստամ Բադասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար նշանակվելը տարբեր ատյանների հետ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել,այդ թվում՝ վարչապետի մամուլի խոսնակի հետ բանակցային գործընթաց է եղել, սակայն վերջիններս կողմից էլ գործընթացը ձգձգվում էր: Փաստաբանի փոխանցմամբ` որոշակի քայլերից հետո հաջողվեց ընդհանուր կոնսենսուսի գալ և Բադասյանը ստորագրեց փաստաթուղթը՝ Արման Առաքելյանին ՀՀ տեղափոխելու վերաբերյալ՝ հետագա պատիժը կրելու նպատակով:

Նշենք, որ Առաքելյանը ՌԴ-ում իր պատիժը կրում էր Մորմանսկ քաղաքի քրեակատարողական հիմնարկում: Փաստաբանի դիտարկմամբ՝ կյանքի նկատմամբ վտանգի հարցը միշտ էլ ակտուալ է եղել, որովհետև օտարության պայմաններում է գտնվել անազատության մեջ, ընդ որում՝ ՌԴ-ում բավականին մեծ ազդեցություն ունի ադրբեջանական լոբբին և մտավախություն կար, որ ամեն ինչ էլ հնարավոր է:

«Այդ իսկ պատճառով էլ միշտ շեշտադրել ենք այդ հանգամանքի վրա, որ Արմանին հնարավորինս շուտ տեղափոխեն ՀՀ, քանի որ ստանդարտ հանցանք չի եղել, այլ՝ հայ-ադրբեջանական հարաբերություննեերի հետ կապ ունեցող խնդիր, վեճը եղել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ֆոնին»,- նշեց նա:

Փաստաբանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այժմ Առաքելյանը գտնվում է ՁՊՎ-ում, հետո, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Արմավիր» ՔԿՀ՝ հաշվի առնելով, որ ինքը ծնունդով Էջմիածնից է: Առաքելյանը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, որից 6 տարին արդեն կրել է՝ ներառյալ նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը:

Հիշեցնենք, որ Արման Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ-ում հայկական ռեստորաններից մեկում ադրբեջանցու սպանության գործով և դատապարտվել ազատազրկման՝ 18 տարի ժամկետով: Միջադեպը տեղի է ունեցել էթնիկ հարաբերությունների ֆոնին, մասնավորապես, ադրբեջանցին հայհոյանքներ է հնչեցրել հայերի հասցեին և կոտրել պատից կախված հայ ազգային հերոսի նկարները:

(Visited 23 times, 1 visits today)